Պուտինի առաջիկա այցերը հետաձգվել են
«Հայկական ժամանակը» գրում է, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցը ՀՀ, որի մասին հենց վերջերս խոսում էին իշխանական և դիվանագիտական շրջանակներում և որը, ըստ նույն շրջանակների, պետք է կայանար հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, կրկին հետաձգվում է:
Ռուսական ԶԼՄ-ներն արդեն հայտնել են, որ հետաձգվել են Պուտինի այցերը Հնդկաստան, Թուրքիա և Պակիստան: Երեկ էլ ԱՊՀ գործադիր կոմիտեն է հայտարարել, որ նոյեմբերի սկզբին Աշգաբադում նախատեսված ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը հետաձգվել է և կկայանա դեկտեմբերի սկզբին, իսկ հետաձգման պատճառները չեն նշվել:
Միևնույն ժամանակ երեկ «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ՌԴ բարձր էշելոնների իր աղբյուրներին, գրել է, թե Պուտինն առողջական խնդիրներ ունի, ինչը, սակայն, վերջինիս խոսնակը հերքել է:
«Սպասվում էր, որ Երևանում Պուտինն ու Սարգսյանը քննարկելու են ՀՀ վարչապետի նշանակման հարցը: Ըստ իշխանական աղբյուրների, Սարգսյանի և Պուտինի քննարկումները տեղափոխվում են Աշգաբադ դեկտեմբերի սկզբին, ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստի շրջանակներում երկկողմ հանդիպման ժամանակ»,- գրում է թերթը: