Ինչու ցուցմունք չի տալիս Վազգեն Խաչիկյանը
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վերջին մի քանի օրերին գործը վարող քննիչներին ասել է, որ եթե ինքը որոշի ցուցմունք տալ, ապա պետք է ասի այդ գործում ներգրավված բոլոր անձանց անունները, հակառակ դեպքում կլռի: Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է նրա փաստաբան Ժորա Վարոսյանին:
«Այդ տեղեկությունները հավաստի չեն: Նման բան գոյություն չունի: Ցուցմունք չտալը դատավարությամբ իրեն վերապահված իրավունք է»,-նշել է փաստաբանը: Թերթը հիշեցնում է, որ Խաչիկյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` խոշոր չափերի յուրացում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով`խոշոր չափերի խարդախություն, և 314-րդ հոդվածով` պաշտոնական կեղծիք: