Լևոն Մարտիրոսյանը կոչ է անում հանդարտվել ու անհեթեթ շոուներ չկազմակերպել
«Վախենալու չի: Եթե շարունակվեն սպառնալիքները, ես կդիմեմ իրավապահ մարմիններին»,-լրագրողների խնդրանքով անդրադառնալով մի խումբ մարզիկների հայտարարություններից հետո ստեղծված իրավիճակին, այսօր հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Լևոն Մարտիրոսյան-մարզիկներ հեռահար հակամարտությունը սկսվել էր հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած ԱԺ քառօրյայից հետո, երբ պատգամավորը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչ Ռոստոմյանին հարցրել էր Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ հայ մարզիկների «խայտառակ» ելույթների պատճառների մասին:
Այնուհետև դրան հաջորդեց շուրջ 30 մարզիկների բաց նամակի տարածումը, որտեղ մարզիկները նշել էին. «Շոումեն Գարիկի անհայտ եղբայրը, սպորտի վերաբերյալ բաժակաճառերի մակարդակով լուծվող հարցերի մասին խոսելուց առաջ, նախ պետք է իրեն նեղություն տար գիտակցել, որ սպորտաշխարհի մարդիկ, ի տարբերություն «պարապ զվռնող», իրենց ՄԻԱԿ համարող քաղաքական գործիչիկների, բաժակաճառերի ժամանակ քիչ են ունենում, քանի որ օրվա մեծ մասն անց են կացնում մարզադահլիճներում: Ցավալի է, որ սպորտի մասին հարց է հնչեցնում սպորտից բացահայտ հեռու կանգնած և սպորտի հետ բոլորովին առնչություն չունեցած մեկը»:
Նամակի տարածումից հետո լրատվամիջոցներից մեկով Ալբերտ Ազարյանը հայտարարել էր, թե ինքը չի իմացել, որ իր անունը դրվել է նման բովանդակությամբ նամակի տեքստի ներքո:
Լ. Մարտիրոսյանն այսօր նաև կրկնեց, որ ամենևին էլ նպատակ չի ունեցել վիրավորել մարզիկներին:
«Փառք ու պատիվ բոլոր այն մարզիկներին, ովքեր երբևէ, նաև վերջին օլիմպիական խաղում պարգևել են մեդալներ մեր երկրին: Այդ մարդկանց մասին չի խոսքը, և ընդհանրապես մարզաշխարհի մասին չէ խոսքը: Խոսքը մեր հավաքականի ընդհանուր առմամբ ելույթի մասին է, որը մեծ ցանկության դեպքում դժվար է համարել բավարար»,-իր առաջին հայտարարության իմաստը բացատրեց Լ. Մարտիրոսյանն ու հիշեցրեց, որ հարևան երկրները լոնդոնյան օլիմպիական խաղերում ավելի շատ մեդալ են վաստակել, քան Հայաստանը:
«Ես ուզում եմ դիմել մեր որոշ սպորտային և ոչ սպորտային, միջին և մանր մակարդակի չինովնիկներին, ովքեր այս ամեն ինչը նախաձեռնել են, թող իմ հայտարարությունները ուշադիր լսեն և հասկանան այն, ինչ ասում եմ ես: Իսկ եթե չեն ուզում հասկանալ, ուղղակի պարտավորված եմ այս հարցին հետամուտ լինել»,-հայտարարեց Լևոն Մարտիրոսյոնը:
Panorama.am-ի հարցին, թե ինչ է նշանակում հետամուտ լինել, պատգամավորը պատասխանեց, որ ինքը որպես պատգամավոր իրավունք ունի հարցումներով դիմել և պարզաբանումներ ստանալ` տեղեկանալու համար, թե ինչ է կատարվում սպորտի բնագավառում:
«Եթե մարդիկ չենք կարողանում բովանդակային քննարկում կազմակերպել այս կարևոր հարցի շուրջ, այլ դիմում են վիրավորանքերի, եթե ասելիք չունեն, դա իսկապես իրենց խնդիրն է: Ինչ-որ սպառնալիքներ են հնչում այս ու այն կողմերից իմ նկատմամբ, ուզում եմ ասել` ես վախեցողներից չեմ, շատ սխալ հասցեով են դիմում: Եթե սպառնալիքները շարունակվեն, ես մեծ հաճույքով կդիմեմ իրավապահ մարմիններին»,-ասաց նա:
Անդրադառնալով իր հասցեին հնչող հայտարարություններին, թե ինքը որևէ լումա չունի այդ բնագավառում ու իրավունք էլ չունի նման քննադատությամբ հանդես գալու, Լ. Մարտիրոսյանն արձագանքեց. «Սպորտը որևէ մեկի սեփականությունը չէ: Սպորտի մասին կարող են խոսել ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկները, այլև սպորտի ոլորտի երկրպագուների մեծ բանակը, որոնք անկեղծորեն ուրախանում են մեր մարզիկների հաջողությունների համար: Սպորտը նաև ֆինանսավորվում է պետության կողմից, և մեր հարկատուները իրավունք ունեն իմանալ, թե ինչպես են ծախսվում իրենց գումարները, ինչպես այլ, այնպես էլ այս բնագավառում: Ավելորդ չի լինի հասարակական վերահսկողություն սահմանել տեղի ունեցող ֆինանսական հոսքերի, ծրագրերի վրա»:
Մարտիրոսյանը նաև կոչ է անում այդ ամենի «կազմակերպիչներին» հանդարտվել, «անհեթեթ շոուներ չկազմակերպել:
«Իսկ եթե շարունակելու են կազմակերպել, թող չզարմանան իմ` ԱԺ պատգամավորի հետևողականության ու վճռականության համար»,-ընդգծեց նա:
Նախորդող հրապարակում`
Նաիրա Զոհրաբյանը որպես ՀՀ քաղաքացի անհարմար է զգում այս խորհրդարանի համար
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են