Փլուզումից տուժածներից երեքը դուրս են գրվել
Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Նա ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ևս մեկ տուժած, ում վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։ Նա բաց և բազմաբեկոր կոտրվածք ունի և դեռևս մշտական գործիքային հսկողության տակ է գտնվում լյարդի ու մակերիկամի շրջանում հեմատոմայի կասկածի պատճառով։
Տուժածներից երեքը հիվանդանոցից դուրս են գրվել և հանգիստ վիճակում են, իսկ մյուս երեքը շարունակում են բուժվել նյարդավիրաբուժության բաժանմունքում։
Հիշեցնենք, որ փլուզման հետևանքով տուժել է 11 մարդ, նրանք բոլորն էլ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչներ են: Տուժածներից իննին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է տուժածների ինքնությունը` Կամո Ղահրամանյան (50 տ.), Արման Ղազարյան (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.):
Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 157 հոդվածի հատկանիշներով` «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը»:
Քաղաքապետարանից տեղեկացրեցին,որ շինարարական աշխատանքները կիսակառույցում ընթացել են առանց համապատասխան թույլտվության:
Փլուզված կիսակառույցի շինարարությունն իրականացրել է «Չիլինգարյան դիզայն և շինարարություն» ՍՊԸ-ն:
Նախորդող հրապարակում`
Դ. Դումանյան. Փլուզումից տուժածաներից մեկը կվիրահատվի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա