Սմարթֆոների շուկայի 31 տոկոսը բաժին է ընկնում Սամսունգին
Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Սամսունգ ընկերությունը վաճառել է 56,3 մլն սմարթֆոն, այդպիսով զբաղեցնելով սմարթֆոների շուկայի մեկ երրորդը կամ 31 տոկոսը: Սամսունգի հիմնական մրցակից Apple-ը երեք ամսում կարողացել է վաճառել ընդամենը 26,9 մլն սմարթֆոն` զբաղեցնելով շուկայի 15 տոկոսը: Նման տվյալներ են հրապարակում արտասահմանյան լրատվամիջոցները` վկայակոչելով IDC հետազոտությունների վերլուծական կենտրոնի հրապարակած արդյունքները:
Մեկ տարի առաջ Սամսունգին բաժին էր ընկնում այդ շուկայի 22,7 տոկոսը, իսկ Apple -ին` 13,8 տոկոսը: Մյուս ընկերությունները զգալիորեն զիջում են այս ամերիկյան ու կորեական ընկերություններին: Օրինակ HTC -ն զբաղեցնում է շուկայի ընդամենը չորս տոկոսը: Ըստ հրապարակած թվերի, նախորդ տարվա համեմատ սմարթֆոնի վաճառքն ավելացել է 45,3 տոկոսով: