Իրանա-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հերթական զինված բախումը. Մեկ հոգի վիրավորվել է
Իրանա-ադրբեջանական սահմանում զինված բախում է տեղի ունեցել:
Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի տարածքից զինված անձինք փորձել են հատել իրանա-ադրբեջանական սահմանը՝ թափանցելով Ադրբեջանի Ջալալաբադ շրջանի Քյուրունջ գյուղը:
Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վերոնշյալ անձանց և Ադրբեջանի սահմանապահների միջև տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սահմանախախտներից մեկը (Ալի Գուրբանվենդ, ծնված 1989թ.) վիրավորվել է, իսկ մյուսները փախչել են իրանական տարածք:
Միջադեպի առնչությամբ՝ Իրանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարների օգնականների միջև տեղի ունեցել աշխատանքային հանդիպում:
Նկատենք, որ իրանական ԶԼՄ-ներն առայժմ միջադեպի առնչությամբ տեղեկություն չեն հրապարակել:
Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական սահմանում վերջին շրջանում հաճախակի են տեղի ունենում նմանատիպ զինված բախումներ: 2012թ. օգոստոսի 17-ին Ադրբեջանի սահմանապահների և Իրանի տարածքից ներթափանցած զինված խմբավորման միջև ևս տեղի էր ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով մեկ հոգի վիրավորվել էր:
2010-11թթ. իրանա-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել հետևյալ զինված միջադեպերը:
2010թ. մայիսի 31-ին ադրբեջանցի սահմանապահները սպանել էին 52-ամյա Իրանի քաղաքացու, ով փորձել էր ձկնորսություն կատարելու նպատակով անցնել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև գտնվող սահմանային գետը:
2011թ. ապրիլին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի Յարդիմլի շրջանի բնակիչ Ջաաֆար Ջաաֆարովը, ով փորձել էր անցնել Իրանի տարածք:
2011թ. հոկտեմբերի 19-ին սահմանային Արանլի գյուղի շրջակայքում Ադրբեջանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած զինված բախման արդյունքում զոհվել էր Իրանի սահմանապահ ծառայության 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը: