«Եվրասիանեթ». Անկարայի տարածաշրջանային նկրտումները կարող են սպառնալ Մոսկվայի շահերին
«Մոսկվան և Անկարան չեն կարողանում համաձայնության գալ հարկադիր վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռի բեռի հարցում»: Այս մասին գրում է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը:
Նշենք, որ սիրիական ավիաուղիների Airbus A320 ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Դամասկոս չվերթը, Թուրքիայի օդային տարածքով անցնելու ընթացքում, հարկադիր վայրէջք է կատարել: Թուրքիայի իշխանությունները «կասկածել են», որ ինքնաթիռը կարող էր անօրինական բեռ փոխադրել, մասնավորապես` զինամթերք:
«Միջադեպից երկու շաբաթ անց, Անկարայի և Մոսկվայի միջև տարաձայնությունները շարունակվում են: Չնայած երկու պետություները փորձում են թույլ չտալ, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում տարաձայնություններ լինեն, սակայն Թուրքիայում այդ առումով վախի զգացում է տիրում: Իսկ Ռուսաստանում կարծում են, որ Անկարայի տարածաշրջանային նկրտումները կարող են սպառնալ Մոսկվայի շահերին»,-նշված է հոդվածում:
Վերջերս «Ռուսաստանի Ձայն»-ին տված հարցազրույցում պաշտոնաթող գեներալ Գենադի Եվստաֆիեևը (Евстафьев) նախազգուշացրել է. «Մենք չենք կարող ձեռքերներս ծալած նստել և հետևել, թե ինչպես է Թուրքիան ի վնաս Ռուսաստանի ավելի ագրեսիվ դառնում»: