«Հայ ոսկերիչն իր ստեղծագործության մեջ ներդնում է պապերից եկած դարավոր մշակույթը». AJA-ի նախագահ Գագիկ Գևորգյան
«Հայ ոսկերիչների աշխատանքները իրապես տարբերվում են այլազգի վարպետների աշխատանքներից, քանի որ հայ ոսկերիչն իր ստեղծագործության մեջ ներդնում է պապերից եկած դարավոր մշակույթը»,- այս մասին այսօր Երևանում բացված ոսկերչական իրերի միջազգային ցուցահանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց Համաշխարհային հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գևորգյանը:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան (AJA-նախագահ՝ Գագիկ Գևորգյան), և այն համընկնում է Հայաստանում այս տարի առաջին անգամ նշվող «Ոսկերիչի ազգային օրվա և AJA-ի ստեղծման 15 ամյակի հետ:
Նշենք, որ ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը շրջել է արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ոսկերչական արտադրատեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ:
Գ.Գևորգյանի խոսքերով՝ ցուցահանդեսի նպատակը ոչ թե աշխարհին հայ ոսկերիչներով զարմացնել է, թեև դրա իրավունքն ունեն, այլ աշխարհասփյուռ հայ ոսկերիչներին հայրենիքում մեկ հարկի տակ համախմբելն է: «Միասին պետք է բիզնես ծրագրեր մշակենք, որպեսզի Հայստանում ստեղծենք նոր ֆաբրիկաներ, բացենք նոր աշխատատեղեր, քանի որ Հայաստանում այսօր համար մեկ խնդիրը մնում է աշխատատեղերի հարցը»,- ասաց նա:
Գ.Գևորգյանը նշեց, որ այսօր շատ երիտասարդներ աշխատանք փնտրելու նպատակով մեկնում են արտերկիր, դրա համար պետք է անեն ամեն ինչ, որպեսզի հայրենիքում երիտասարդներն աշխատանքով ապահովված լինեն: Այդ նպատակով նախատեսվում է բացել փոքրիկ ֆաբրիկաներ՝ 20-50 աշխատատեղով: «Հայ երիտասարդը պետք է հայրենիքում աշխատի և իր պոտենցիալն այստեղ օգտագործի»,- ընդգծեց Համաշխարհային հայ ոսկերիչների միության նախագահը՝ հավելելով, որ եթե այս տարի տարածքի տրամադրման հարցը լուծվի, ապա հաջորդ տարվանից ֆաբրիկաները կգործեն: «Շատերն են ցանկանում այստեղ բիզնես սկսել: Ես ընկերներ ունեմ Հնդկաստանից, որ այսօր էլ պատրաստ են Հայաստան գալ, բայց դրա համար պետք է պայմաններն լինեն»,- ասաց Գ. Գևորգյանը:
Նրա խոսքերով՝ ցուցահանդեսում ներկայացված են նաև ոսկերչական դպրոցի սաների աշխատանքները: Ըստ նրա՝ հայ երիտասարդները շատ տաղանդավոր են, պարզապես պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի երիտասարդներն իրենց կարողությունները ցուցադրեն:
Նշենք, որ ոսկերչական իրերի միջազգային ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է 2011թ.-ին: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 60-ից ավելի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Թայլանդից, Իտալիայից, Թուրքիայից, Լիբանանից, Բելգիայից, Հնդկաստանից և այլն: Գ.Գևորգյանը հայտնեց, որ այս տարի առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում են թուրքահայ ոսկերիչներ, ովքեր մեծ ոգևորությամբ են ընդունել ցուցահանդեսին մասնակցության հրավերը:
Թուրքահայ ոսկերիչ Հակոբջան Հույլարը Panorama.am-ի հետ զրույցում կարևորելով ոսկերչական ցուցահանդեսում իր մասնակցությունը՝ նշեց, որ իր ցանկությունն է էլ ավելի ամրապնդել Հայաստանի հետ կապը: «Մենք ուզում ենք Հայաստանի ոսկերիչների հետ համագործակցել, աշխատել, նրանք մեզանից սովորելու շատ բան ունեն, քանի որ Պոլսի ոսկերչությունը 30 տարով առաջ է Հայաստանի ոսկերչությունից: Մենք մեծ ցանկություն ունենք մեր փորձը ներդնել հայրենիքում»,- ասաց Հակոբջան Հույլարը:
Իր աշխատանքներով Հայաստան եկած ֆրանսիական «Waskoll» ընկերության նախագահ Սիրիլ Վասկոլը մեզ հետ զրույցում նշեց, որ ընկերությունը զբաղվում է գոհարեղենի արտադրությամբ: «Մեր գործերը եզակի են, շատ քիչ գործեր կան, որ մի քանի օրինակով են ստեղծվում»,- ասաց Ս.Վասկոլը: Նա նշեց, որ «Waskoll» ընկերության զարդերի գինը սկսվում է 5 հազար եվրոյից՝ հասնելով մինչև 150 հազ. եվրոյի: «Հայաստանում մի շարք ծրագրեր եմ ցանկանում իրականացնել: Մասնավորապես՝ աշխատել այստեղի շուկայում և դեպի ԱՊՀ երկրներ ոսկերչական արտադրանք արտահանել»,- նշեց նա:
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին՝ միջոցառման շրջանակներում կկազմակերպվի համաժողով՝ ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համաժողովի մասնակիցներին կներկայացվեն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում մշակած ոսկերգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների ռազմավարությունների նախագծերը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են