Հայկական ՏՏ ոլորտի կազմակերպությունները կմասնակցեն Վրաստանում կայանալիք տարածաշրջանային միջոցառմանը
Հայաստանի ՏՀՏ ոլորտի լուծումները կներկայացվեն այս տարվա նոյեմբերի 15-17 Թբիլիսիում կայանալիք 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI), որը բաղկացած է կոնֆերանսից, ցուցահանդեսից և մրցանակաբաշխությունից: Նախատեսվում է, որ հայկական պատվիրակությունը կներառի մասնավոր հատվածի և պետական գործակալությունների մոտ 35 ներկայացուցիչներ: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 29-ը: Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ): Միությունը նախատեսում է նաև մասնակից ընկերությունների համաֆինանասավորում:
Միության մամուլի ծառայության հաղորդմամբ, միջոցառմանը կարող են մասնակցել և պատվիրակության մեջ ներգրավվել այն հայկական կազմակերպությունները, որոնք հայտ կներկայացնեն մրցանակաբաշխության որևէ անվանակարգում, հանդես կգան գործարար ներկայացմամբ կոնֆերանսի թեմաներին համապատասխան, կներկայացնեն միջոցառմանը մասնակցելու հստակ ծրագիր, ինչպես նաև կպատրաստեն մարքեթինգային նյութեր` հայկական ՏՏ անկյունը պատշաճ ներկայացնելու համար:
2008 թվականից Հայաստանը մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը` նպատակ ունենալով խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար, ապահովել «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ:
Մինչ այժմ միջոցառմանը մասնակցած կազմակերպություններից են «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, «Լայմ Տեխ», «Էսենշլ Սըլյուշնս», «Իքս-Թեք», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Իդրամ», «Հայկական ծրագրեր», «Էկենգ» ընկերությունները, ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեն և այլն:
Հիշեցնենք, որ «Համագործակցություն մրցունակության, ինովացիայի և կիբերանվտանգության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն է ստեղծել և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը` նպաստելու նորարարությունն ու մրցունակությունը: Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը: