Ռ. Կիրակոսյան. ԱՄՆ ընտրությունները Հայաստանի վրա չորս ազդեցություն կունենան
«Ես նախագահական ընտրություններում պաշտպանում եմ Օբամային: Ինչպես Հայաստանում, ԱՄՆ-ում ևս ընտրությունն անձերի միջև է: Ի տարբերություն Հայաստանի, դա ընտրություն է քաղաքական կուրսերի միջև: Կախված այն բանից` կընտրվի Ռոմնին, թե Օբաման, Հայաստանի և տարածաշրջանի համար կլինի չորս հիմնական ազդեցություն»,- այսօր անդրադառնալով ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Մանրամասնելով նշված չորս ազդեցությունները, նա շեշտեց, որ դրանցից առաջինը` հայ-ամերիկյան հարաբերություններն են:
«Իմ կարծիքով, հայ-ամերիկյան հարաբերությունները անփոփոխ կմնան: Այլ կերպ ասած` դրանք կայուն են և անփոփոխ: Հայ-ամերիկյան հարաբերություններում վատ հանգամանքը կապված է ցեղասպանության խնդրի հետ: Դժբախտաբար, անկախ այն բանից, թե կընտրվեն դեմոկրատները, թե հանրապետականները, նրանցից ոչ ոք ցեղասպանության հարցն առաջ չի մղի: Սա զարմանալի է և ցույց է տալիս ամերիկյան քաղաքականության բարոյականության պակասը»,- նշեց բանախոսը:
Նրա խոսքերով` երկրորդ կոնկրետ ազդեցությունը կապված է ամերիկա-ռուսական հարաբերությունենրի հետ: Եթե Ռոմնին ընտրվի, մենք պետք է ակնկալենք Ռուսաստանի հետ խիստ առճակատում: Իսկ երրորդ կարևոր ազդեցութունը կապված է ամերիկա-իրանական հարաբերությունների հետ:
«Օբաման նշել է, որ եթե նա վերընտրվի, Իրանի հետ երկխոսություն կսկսվի: Ռոմնին ավելի ագրեսիվ է և ավելի հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունների»,- հավելեց քաղաքագետը:
Ռ. Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանի համար կարևոր չորրորդ ազդեցությունն էլ կապված է նավթի պաշարների և Ադրբեջանի հետ, քանի որ և´ Ռոմնին, և´ Օբաման Ադրբեջանում գնահատում են նավթի գործոնը:
«Հաջորդ կարևոր հանգամանքն էլ նա է, որ Ռոմնին, որպես անհատ, չունի փորձ անվտանգության և ռազմական անվտանգության ոլորտում: Հանրապետական ցանկացած լիդեր ավելի վատ կհասկանա ԼՂ հակամարտությունը»,- հավելեց քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում