Հանցագործությու՛նը բացահայտեք. Նախագահը քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, խորհրդակցության սկզբում ընդգծելով, որ նախաքննության խնդիրների հաջող լուծումն առավելապես պայմանավորված է այս ոլորտում դատախազական հսկողության բացառիկ գործառույթի պատշաճ իրացումով, նախագահը դատախազության գործունեության մեջ առանձին հանցատեսակների դեմ պայքարում նկատելի դրական տեղաշարժի մասին խոսելուց բացի, խստորեն քննադատել է դեռևս առկա բացասական երևույթները՝ առանձին դատախազների անփութությամբ կամ չարամտությամբ պայմանավորված գործողությունները:
«Ընդհանրապես, դատախազությունը շարունակում է մնալ պետական այն մարմինների շարքում, որոնք կարողանում են իրենց գործունեության մեջ թեև քիչ, սակայն որոշակի դրական արդյունքներ ցույց տալ: Ասվածի ապացույցն են հանդիսանում, մասնավորապես, միջազգային կառույցների կողմից մեր պետության առաջընթացի արձանագրումը փողերի լվացում և թրաֆիքինգ հանցատեսակների դեմ պայքարում: Հաջող կարելի է համարել նաև իրավակարգի ամրապնդման գործում իրավապահ այլ մարմինների հետ համագործակցության բարելավումը: Որոշակիորեն բարելավվել է նաև զինվորական դատախազության աշխատանքը: Նման օրինակները մեկ անգամ ևս վկայում են, որ բարեխիղճ և ազնիվ դատախազները, որոնք համակարգում քիչ չեն, գիտակցում են հանրության և պետության առջև ստանձնած իրենց առաքելությունը և այդ առաքելությունն իրականացնում են սրտացավորեն:
Սակայն պետք է փաստեմ նաև, որ շարունակում է արդիական մնալ առանձին դատախազների անփութության կամ չարամտության խնդիրը, որը, ցավոք, արժանի գնահատականի չի արժանանում: Հիշեցնեմ, որ անցած տարվա դեկտեմբեր ամսին կայացած խորհրդակցության ընթացքում նախաքննության որակի և դատախազական հսկողության արդյունավետության հարցերը քննարկելիս առանձնապես շեշտվել էր հենց այս երևույթը և առաջարկվել դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկել: Ու թեև այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարվել են, ընդհուպ մինչև մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, սակա յն առկա բացասական երևույթները չեն նվազել: Եվ մասնավոր հետևությունն այն է, որ առանձին անհատներ այս ամենից պարզապես դասեր չեն քաղել: Դասեր չեն քաղել, որովհետև դատախազության ներսում ես չեմ տեսնում սուր պայքար այդ երևույթների դեմ:
Ակնհայտ է, որ նախաքննության ընթացքում դատախազը լուրջ դերակատարություն ունի, սակայն նախաքննական մարմինների ներկայացուցիչներն այստեղ են, և բոլորը քաջ գիտակցում են, որ այս գործում յուրաքանչյուրն ունի պատասխանատվության իր բաժինը:
Այս կարճ ժամանակահատվածում նախագահի աշխատակազմում քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների ստուգման արդյունքում նախաքննական պրակտիկայում բացահայտվել են փաստեր, որոնք ուղղակի անհամատեղելի են առողջ բանականության հետ: Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր և անբարոյա կան արարք ես ուղղակի չեմ պատկերացնում: Մենք այսօր դեռևս այդ փաստերի մասին կլսենք:
Ձեր գործունեության ուսումնասիրության ընդամենը երկու-երեք ամիսների ընթացքում պարզվել է, որ, օրինակ.
• դատախազի թողտվությամբ հանցանք կատարած մի քանի անձինք գործով դառնում են վկա, նույնիսկ ոչ թե թողտվությամբ, այլ նրա ակտիվ մասնակցությամբ
• դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում և հայտնվում հետախուզության մեջ: Եվ որևէ մեկը որևէ պատասխանատվություն դրա համար չի կրում՝ ո՛չ նրա անմիջական պետը, ո՛չ դատախազության այն պաշտոնյան, որ պարտավոր էր ի պաշտոնե նաև հսկողություն իրականացնել այդ դատախազի գործունեության նկատմամբ
• Հաջորդը՝ օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու փոխարեն լկտի պահվածքով վիճաբանում է իրավապահ այլ մարմնի աշխատակցի հետ: Վիճաբանությունն էլ, երևի, այստեղ ճիշտ բառը չէ: Ոստիկանության աշխատողին նրա պետի միջոցով հրավիրում է իր աշխատասենյակ և լկտիաբար նրան ապտակում, այսինքն՝ ծեծում: Եվ անպայման ես պետք է միջամտեմ, որպեսզի այդ մարդը ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկվի, այլ ուղղակի նրան ազատեն դատախազության համակարգից: Եթե դատախազը ինքը պետք է ինքնադատաստան տեսնի, ինքը պետք է այդպես վարվի, դատախազը ուրիշներից ի՞նչ կարող է պահանջել
• Հաջորդը՝ դատախազի կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում, մնում է անպատիժ: Այսինքն, դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, և հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են և ուրիշին են ուզում դատապարտել:
Հանցավոր, արատավոր միտում կա՝ գործերը քննելիս, մեկ էլ հանկարծ 15 տարվա գործունեությունն ուսումնասիրելու անհրաժեշտություն է ի հայտ գալիս: Հանձնարարում են հարկայինին՝ այս կազմակերպության վերջին 15 տարվա գործունեությունն ուսումնասիրի: Հարյուրավոր մարդկանց պետք է քննել, այն դեպքում, երբ դա գործի հետ քիչ առնչություն ունի: Եվ այս ամբողջը բացատրում են գործի համապարփակ, ամբողջական քննությամբ, իբր: Ի՞նչ գործ ունեք: Հանցագործությու՛նը բացահայտեք:
Եվ սրանք արձանագրված դեպքերից միայն մի քանիսն են: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ընդհանրապես, իրավապահ մարմնում ինչպե՞ս կարող է այսպիսի մթնոլորտ լինել: Այսինքն, դա նշանակում է, որ որոշ մարդիկ հղփացել են: Եթե մարզի դատախազի տեղակալը մտածում է, որ ինքը կարող է այդպիսի արարք թույլ տալ, ես ուրիշ կերպ մտածել չեմ կարող»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է քրեական գործերով նախաքննության վիճակի գործնական խնդիրների վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմում իրականացված վերլուծությունը: Ներկայացված օբյեկտիվ տվյալները և դրանց համակողմանի վերլուծությունը թույլ են տվել եզրակացնել, որ՝
• քրեական գործերով նախաքննության համար պատասխանատու անձանց կողմից ոչ պատշաճ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում իրենց դատավարական լիազորությունները
• անձի դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների քննության ընթացքում խախտվում է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու պահանջը
• դրա հետևանքով չեն լուծվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խնդիրները` հանցանք կատարած անձինք չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, ակնհայտ անմեղ անձինք մեղադրվում են հանցանքի կատարման մեջ կամ առանց անհրաժեշտության ենթարկվում են իրավունքների սահմանափակման
• իրենց գործունեության մեջ խախտումներ թույլ տված պաշտոնատար անձինք չեն ենթարկվում կատարածին համարժեք պատասխանատվության կամ ընդհանրապես մնում են անպատիժ
• անմիջական իրավակիրառողներն իրենց գործունեության բարելավման կամ դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակման, իրականացման գործում անհրաժեշտ նախաձեռնություն չեն ցուցաբերում:
Հաշվի առնելով արձանագրված խնդիրների բնույթը և դրանց առաջացրած հետևանքները՝ Հանրապետության նախագահը իրավիճակի շտկմանն ուղղված հանձնարարականներ է տվել կոնկրետ պատասխանատուներին:
Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ շահագրգիռ վերաբերմունք է ակնկալում ՀՀ գլխավոր դատախազից, դատախազի տեղակալներից, քննության պատասխանատուներից: «Ես պահանջում եմ բոլորից սկզբունքայնություն: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ունենա, և այդ պատասխանատվությունը պետք է ֆիքսված լինի: Մենք 2012թ. առաջին եռամսյակի արդյունքներով նորից անդրադառնալու ենք քննության որակին և կոնկրետ փաստերին»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան