Ռ. Կիրակոսյան. «Մենք օլիգարխների շատ մեծ ազդեցություն ունենք և ավելին մեզ անհրաժեշտ չէ»
«Հայաստանի նախագահական ընտրություններում ընտրություններն ավելի կարևոր են, քան արդյունքը: Գոյություն ունի իրական հակասություն «Բարգավաճ Հայաստան» և Հանրապետական կուսակցությունների միջև, որը կարող է հանգեցնել մարտահրավերի, երբ առաջ քաշվեն սեփական թեկնածուները»,- այսօր անդրադառնալով Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Այնուհետև բանախոսը նշեց. «Ես իրականում ոչ մի քաղաքական արշավ չեմ տեսնում: Ավելի շատ տեսնում եմ քաղաքական հոբբի, քան քաղաքական լուրջ ընտրարշավ», ապա հավելեց. «Մենք օլիգարխների շատ մեծ ազդեցություն ունենք և ավելին մեզ անհրաժեշտ չէ»:
Նա կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև գոյություն ունեցող հակասություններն իրական են, ու արդեն անցել է այն կետը, երբ դա թատրոն էր:
«Սա նախորդ ընտրություններից տարբեր կլինի: Նախորդ ընտրություններում մենք ունեինք կեղծ թեկնածուներ, ինչպես Արտաշես Գեղամյանն էր: Բայց այս դեպքում մենք տեսնում ենք իրական մրցակցություն և մարտահրավերներ»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով նախագահական ընտրություններում ֆավորիտ թեկնածուի խնդրին, Ռ. Կիրակոսյանը նշեց. «Նախագահ Սարգսյանը կվերընտրվի հիմնականում այն պատճառով, որ գոյություն չունի այլ կենսունակ այլընտրանք: Դա նաև կապված է ադմինիստրատիվ ռեսուրսի և նրանց` իշխանության լինելու հանգամանքի հետ»:
Այնուհետև, խոսելով ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին, բանախոսն ասաց. «Այն, ինչ տեսնում ենք ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի պարի մեջ, այն տանգո չէ, քանի որ տանգոն երկու հոգով են պարում, այս պարագայում պարողներից մեկը չի ցանկանում պարել»:
Նա ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի հնարավորությունը ցածր համարեց, քանի որ, ըստ բանախոսի, երկու ուժերում էլ «շատ ուժեղ անհատներ են ներգրավված»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան