Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ:
Միջոցառմանը մասնակցում են նաև Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գայետանո Կավալիերին և «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանրապետության ղեկավարը շրջել է արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ոսկերչական արտադրատեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ:
Ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, հոկտեմբերի 30-ին Երևանում նախատեսված է նաև համաժողով, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում մշակված՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացման ռազմավարությունների նախագծերը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ոսկերչության ոլորտի զարգացման նպատակով ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունները:
Ցուցահանդեսի վերաբերյալ մանրամասները` քիչ անց: