Ա. Աղայան. Արցախը պետք է հռչակվի Հայաստանի անբաժանելի մաս
«Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը բացարձակ անընդունելի է, քանի որ այդ ճանաչումը միայն մեկ իմաստ ունի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը Հայաստանից, որովհետև Ադրբեջանից ԼՂՀ-ն շատ վաղուց է անկախ»,- այսօր անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման խնդրին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը:
Քաղագետի համոզմամբ, Արցախի անկախության ճանաչումը այսօր բխում է անգամ Ադրբեջանի շահերից, քանի որ Հայաստանից անկախանալով Արցախը կդառնա վիճելի տարածք:
«Այդ ահավոր սխալ քաղաքականությունը ժամանակին մեր վզին փաթաթվեց հենց ՀՀՇ կառավարման տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, անգամ դրանից մի քանի ամիս առաջ «Ղարաբաղ կոմիտեի» ղեկավարների կողմից, որոնք 1989 թ.-ի դեկտեմբերի 1-ի որոշումից հետո սկսեցին պայքարել հենց այդ որոշման դեմ (Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը)»,- նշեց քաղաքագետը:
Վերջինիս վստահեցմամբ, երբ Հայաստանում անկախության հանրաքվե, իսկ այնուհետև ՀՀ նախագահի ընտրություն պետք է լիներ, այն ժամանակվա Հայաստանի իշխանությունները արգելել էին տեղամասեր բացել Արցախում՝ չնայած Արցախն արդեն մեկուկես տարի Հայաստանի մաս էր կազմում:
«Բոլոր առումներով փաստացի Արցախը Հայաստանի մաս էր: Բայց քանի որ պատերազմ էր սպասվում, և Տեր-Պետրոսյանի վարչախումբը վստահ էր, որ այդ պատերազմում մենք պարտվելու ենք, այդ պարտության պատասխանատվությունը չկրելու համար ուզեց ժամ առաջ ազատվել Արցախ կոչվող գլխացավանքից»,- համոզմունք հայտնեց բանախոսը:
Վերջինիս կարծիքով, Արցախը Հայաստանից առանձնացնելու որոշումը եթե չլիներ, ապա այդ դեպքում Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա կընկալվեր հարձակում Հայաստանի վրա, իսկ այդ դեպքում պատերազմում հաղթանակը կլիներ ավելի քիչ կորուստներով և շատ ավելի արագ: Իսկ այդ որոշման պատասխանատվությունը ոչ միայն ՀՀՇ վարչակազմինն է, այլև որոշ առումով «Դաշնակցություն» կուսակցության և Արցախի այն ժամանակվա դաշնակցական ղեկավարության պատասխանատվությունն է:
«Պետք է վերականգնել Հայաստանում համապետական ընտրություններին մասնակցելու Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքը, որից նրանք այդ հանցագործ որոշման արդյունքում զրկվել են 1995թ.-ից սկսած: Արցախը Հայաստան է: Արցախում ապրում է 100 հազարից ավելի Հայաստանի քաղաքացի, հասկանո՞ւմ եք, նրանք ապրում են Հայաստանում: Արցախը պետք է հռչակվի Հայաստանի անբաժանելի մաս»,- նշեց Ա. Աղայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան