Ա.Աշոտյան. «2008 թվական, մարտի 1` եղբայրասպան աղետ...յուրաքանչյուրս իր մեջ հարց էր տալիս` այս ո՞ւր հասանք»
«Հայացք եմ նետում 2008-ից առ այսօր մեր` միասին անցած ճանապարհին: Անհանգիստ, փոթորկալից տարիներ, որոնք վճռորոշ դարձան Հայաստանի պետականության պահպանման համար», - ֆեյսբուքյան իր էջում անցած 5 տարիների վերլուծությունն է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«2008 թվական, մարտի 1` եղբայրասպան աղետ, հասարակության պառակտում, որից հետո յուրաքանչյուրս իր մեջ հարց էր տալիս. այս ուր հասանք, ինչու և ում համար:
2008 թվական, օգոստոսի 8` ռուս-վրացական պատերազմ, տարածաշրջանային լարվածություն, խորացած կոմունիկացիոն մեկուսացում, տնտեսական ահռելի վնասներ, աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներ:
2009 թվական` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի կործանարար ալիքը հասավ Հայաստան: Տնտեսական անկում, սոցիալական բեռի սաստկացում, մեր կյանքը դարձավ էլի ավելի դժվար: Կառավարությունը ստիպված էր աշխատել «արտակարգ իրավիճակի» ռեժիմում, պահելով տնտեսությունը վերջնական փլուզումից:
Այս ամենին զուգահեռ տեկտոնիկ քաղաքական տեղաշարժեր Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Առաջավոր Ասիայում, եվրասիական ողջ մայրցամաքում:
Այս մարտահրավերներից յուրաքանչյուրը բակական կլիներ խարխլելոււ մեր պետականության հիմքերը, կասեցնելու նոր Հայաստանի զարգացումը, Արցախի հնարավոր կորուստի հանգեցնելու, ձախողված պետությունների շարքում դասվելու համար:
Բայց մենք դիմացանք, հաղթահարեցինք այս բոլոր խնդիրները ՄԻԱՍԻՆ: Պահպանեցինք պետականությունը, ամրացրեցինք Արցախը, ամոքեցինք վերքերը, դեն նետեցինք արկածախնդրությունը, սովորեցինք ավելի հանդուրժող լինել ու ազատ ապրել, կառուցելով ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար», -գրել է նախարարը` նշելով, որ վերլուծությունը դեռ կշարունակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա