«Արտյոմ Լիպեցկին» հայտնի օրենքով գող է, նրան հավանաբար, մատնել են. Սերգեյ Գալոյան
«Սուրենչիկ» անունով «օրենքով գող» չկա, իսկ «Արտյոմ Լիպեցկի» «օրենքով գողը» հայտնի է բոլորին: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «օրենքով գողերի» կյանքը և գործունեությունը ուսումնասիրած, գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանը` մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Մոսկվայում «գողական հավաքույթի» ժամանակ հայտնաբերվել են հայ «օրենքով գողեր»` «Արտյոմ Լիպեցկին» ու «Սուրենչիկը»: Վերջինը, ըստ նույն աղբյուրների, արտաքսվել է Հայաստան:
«Ես այդ աշխարհը լավ եմ ուսումնասիրել. Երրորդ մասցի մի հատ Համբո գնում-հասնում ա Ռուսաստան ու լրատվամիջոցներով շուխուր ա քցում, թե ինքը օրենքով գող ա: Խուժանի մեկը կլնի, բանտարկված կլնի, ջեբկիր կլնի և ինքն իրեն օրենքով գող կարգած կլինի», -մեզ հետ զրույցում ասաց պարոն Գալոյանը:
Ասաց, որ «Արտյոմ Լիպեցկիին» ճիշտ է չի հանդիպել, բայց նրա մասին «շատ բան» գիտի: «Անվիճելի է` նա «օրենքով գող» է: Ինքը երբեմն ճամբարներ է փոխել, այսինքն` ստիպված է եղել ճամբարներ փոխել. Մեկ խմբավորումից գնալ մեկ այլ խմբավորում: Բայց այդ հանգամանքը իր վարկի վրա գողերի աշխարհում այդքան էլ չի ազդել: Ինքը հարգված մարդ է այդ տարածքներում», -ազգությամբ հայ «օրենքով գողին» ներկայացրեց գրողը:
Ինչ վերաբերում է ռուս իրավապահների կողմից նրան ձերբակալելուն, Գալոյանի կարծիքով, «մեկնումեկը հավանաբար նրան մատնել է»:
Ավելի վաղ Panorama.am-ը վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին, տեղեկացրել էր, որ ռուս իրավապահները Մոսկվայում նախօրեին գիշերը «գողական հավաքույթի» ժամանակ ձերբակալել են քրեական հեղինակությունների մի խմբի, որոնց թվում ազգությամբ հայ 2 «օրենքով գողեր» կան: Նրանցից մեկը Արտյոմ Առաքելյանն է` «Արտյոմ Լիպեցկի» մականունով և Սուրեն Ավետիսյանը` «Սուրենչիկ» մականունով:
Ձերբակալելուց հետո, օպերատիվ խմբի աշխատակիցները «Լիպեցկիի» մոտ հայտնաբերել են կեղծ անձնագիր և 16 գ հաշիշ տեսակի թմրանյութ: Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 228 հոդվածի` «թմրանյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, իրացնելը» և 327 հոդվածի «կեղծ փաստաթուղթ օգտագործելը» հատկանիշներով:
Ռուսական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Ավետիսյանը, նույն «Սուրենչիկը» արտաքսվել է Հայաստան: Ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ ծրագրում են լրացուցիչ միջոցառումներ իրականացնել Ավետիսյանի հանցավոր գործունեությունը հետաքննելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան