ԲՀԿ-ն այսօր պետք է միայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին
«Голос Армении»-ն գրում է, որ կայանալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի կողմից նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ լուրերն, ըստ երևույթին, աննախադեպ էյֆորիա է առաջացրել ԱՄՆ դեսպանատանը:
«Օգտվելով այս իրավիճակից` ԲՀԿ-ն իմիտացիաներ է ստեղծում, թե իբր ընդգծված ռուսամետ քաղաքական կուրսից իրենք անցում են կատարում դեպի ԱՄՆ, իսկ այս իմիտացիայի էֆեկտն ուժեղացնելու համար ԲՀԿ-ն անգամ պատրաստ է Վ. Օսկանյանին ներգրավել Եվրախորհրդում հայկական պատվիրակության կազմում, որպեսզի նախկին արտգործնախարարը կարողանա եվրոպական լսարանի առաջ բողոքել իր, այսպես կոչված, «քաղաքական հետապնդումներից»,-գրում է թերթը` նկատելով, որ երևի թե հենց դա է պատճառը, որ ԱՄՆ դեսպանը, անդրադառնալով Վ. Օսկանյանի հարցին, թույլ տվեց իրեն կոպտորեն խառնվել երկրի ներքին գործերին: Դեսպանի այս կոպիտ խախտման մասին խոսել է նաև Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Վերջինս նշել է, որ միջազգային պրակտիկայում ԱՄՆ դեսպաններին վտարում էին երկրից դիվանագիտական էթիկայի շատ ավելի աննշան խախտումների համար:
Ըստ Ա. Նավասարդյանի` ՀՀ արտգործնախարարությունն անթույլատրելի թուլություն է ցուցաբերել` որևէ կերպ չարձագանքելով Ջոն Հեֆերնի հայտարարությանը: Ըստ «ГА»-ի` այս ամենի համատեքստում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լռությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս փափագում է, որպեսզի իշխող կուսակցությունը բանակցի իր հետ և նախագահական ընտրություններում իր օժանդակության փոխարեն մի շարք նախարարական պորտֆելներ առաջարկի, սակայն իշխող կուսակցությունը լուռ է, իսկ փաստացիորեն Ծառուկյանի կարիքն ունի միայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: