Բեյրութից Հալեպ ճանապարհին առևանգվել է 7 հայ տղամարդ (տեսանյութ)
Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով կրկին հայեր են տուժել: Զինյալ ապստամբները Բեյրութից Հալեպ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը կանգնեցրել են ճանապարհին և իջեցրել ուղևորներին։
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հաղորդմամբ, այնուհետև նրանք ազատ են արձակել կանանց, սակայն գերեվարել են, ընդհանուր հաշվով, 10 ուղևոր տղամարդու, որոնցից յոթը հայազգիներ են, ևս երեքը՝ քրիստոնյա արաբ:
Այս մասին հեռախոսով հաղորդել են սիրիահայ ականատեսները: Աղբյուրի համաձայն, սևազգեստ և զինված ապստամբները նրանց իջեցրել են ծնկի և հարվածել, ապա տարել իրենց հետ:
Ըստ աղբյուրի, ապստամբները գերիների ազատ արձակման դիմաց պահանջում են հետ հանձնել իրենց ձերբակալված 150 զինակիցներին: Սպառնացել են՝ եթե երեք օրվա ընթացքում վերջիններն ազատություն չստանան, սպանելու են առևանգված 10 ուղևորներին: Առևանգվածների ինքնությունն առայժմ անհայտ է։