«Ժամանակավրեպ» հանրային լսումներ Կառավարության թիվ 2 մասնաշենքի հարցով. Բոլորը միակարծիք էին` անվավեր ճանաչել որոշումը
ԱԳՆ շենքի վաճառքի գործարքը վերջին տարիների ամենահաջողված գործարքներից մեկն է: Շենքը գնահատվել է շուկայական արժեքով: Հանրային խորհրդի հրավիրած Կառավարության թիվ 2 մասնաշենքի (Արտաքին գործերի նախարարության շենք) վաճառքի հարցի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը:
Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 4-ի ընդունած որոշմամբ, Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում ( ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքն է) գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով կօտարվի «Տանգո» ՓԲԸ-ին:
Գնորդը պարտավորվում է այժմյան Կառավարական 2 շենքը, հանձնման-ընդունման աշխատանքներից հետո, անհրաժեշտ ծավալի ներդրումներով վերակառուցել և օգտագործել բացառապես որպես 5 աստղանի հյուրանոցային համալիր` միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պարտադիր պահպանելով շենքի պատմաճարտարապետական տեսքը: Կառավարության որոշմամբ, գործարքի գինը կազմում է 51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Նշենք, որ Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանի նախաձեռնությամբ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ քննարկում է եղել ու որոշում է կայացվել հանրային լսումներ կազմակերպել Կառավարության թիվ 2 մասնաշենքի (Արտաքին գործերի նախարարության շենք) վաճառքի հարցի վերաբերյալ: Այսօր կայացած լսումներին ներկա էին արվեստագետներ, մասնավորապես` ճարտարապետներ, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, կառավարությունից, քաղաքապետարանից ներկայացուցիչներ:
«Ասում են, որ արդեն գնացքը գնացել է, շենքը վաճառվել է, բայց ամեն քննարկում ունի իր նշանակությունը ու այն կարծիքները, որ այսօր կհնչեն այստեղ, կներկայացվի կառավարությանը ու կարծում եմ, որ դեռ հույս կա վերանայելու, ծանրութեթև անելու այն դրական ու բացասական հետևանքները, որ կարող է ունենալ այս գործարքը»,- ասաց ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը:
Ներկաներից մեկն էլ իր խոսքում ընդգծեց, որ այս լսումները ժամանակավրեպ են ու պետք է հրավիրվեր նախքան որոշում կայացնելը, նախքան վաճառելը: Ներկաներից մեկ ուրիշն էլ նշեց, որ շենքը, լինելով հանրային սեփականություն, ըստ Սահմանադրության հանրային քննարկման արդյունքում պետք է որոշում կայացվեր: Ա. Մարկոսյանն էլ ասաց, որ պետական գույքը կառավարում է կառավարությունը, բացի այդ նշեց, որ որևէ նոր շենք չի կառուցվում, որ հանրային քննարկումներ հրավիրվեին:
Ա. Մարկոսյանն իր ելույթում նաև ասաց, որ օրենքի տեսանկյունից գործարքը օրինական է, արտաքին տեսքը փոփոխության չի ենթարկվելու` մեջբերելով որոշման այն կետը, թե շենքը պետք է պարտադիր պահպանի իր պատմաճարտարապետական տեսքը: «Արդյունքում ունենալու ենք հինգաստղանի հյուրանոց, որը բյուջե եկամուտ է բերելու, նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը»,- նշեց կառավարության ներկայացուցիչը:
«Այնպիսի տպավորություն է, որ փող տան, բիրիք մեզ էլ կծախեն»,- արձագանքեց ներկաներից մեկը:
Ա. Մարկոսյանի խոսքով, արդեն կա նախագիծ, ըստ որի նախատեսված է ունենալ նաև ներսում մի կառույց, որը պետք է հանրային նպատակներին ծառայի: Պատասխանելով այն դիտարկմանը, թե հինգաստղանի հյուրանոցները պետք է ունենան լողավազաններ, ուղղաթիռների համար հարթակներ, նա նշեց, որ նախագծում նման բաներ նշված չեն: Ա. Մարկոսյանն ասաց, որ գնորդը վերջին տարիներին ապացուցել է, որ բարեխիղճ գնորդ է, բարեխիղճ է ներդրումներ կատարելու հարցում:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանն իր խոսքում ասաց. «Ես կողմ եմ նման տեսակի գործարքին: Ընդհանրապես, կողմ եմ, որ կառավարությունը հրապարակից դուրս հանվի, քանի որ մենք արդեն հոգնել ենք պետական մեքենաների շքերթից, անընդհատ ճանապարհները փակելուց, ինչը խանգարում է և տուրիզմին, և ամեն ինչին: Ճիշտ է ամբողջ հրապարակը վաճառել, պահելով, իհարկե, իր պատմամշակութային արժեքը: Բայց մի քանի անգամ մենք խաբվել ենք, հույս չունենք, որ այդ կետը, որ շենքը պահելու է իր արտաքին տեսքը, մեկ այլ լրացուցիչ կետով չի փոխվի»:
«Արտաքին տեսքը չի փոփոխվելու: Եթե հանկարծ տեսնենք, որ փոխվում է, միասին կպայքարենք»,- ընդգծեց Ա. Մարկոսյանը:
Ելույթ ունեցողները շատ էին, ու բոլոր էին նույն մտահոգությունն էին հայտնում, որ շենքը չփոխի իր արտաքին տեսքը, բացի այդ սխալ էին համարում, որ այն պետք է հյուրանոցի վերափոխվի, քանի որ, ինչպես նշեցին շատերը, այնմ վարչական նշանակություն ունեցող կառույց է:
Վերջում ելույթ ունեցավ ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը ` ներկայացնելով իրենց ենթահանձնաժողովի առաջարկությունները, այդ թվում նաև դիմել ՀՀ նախագահին` Կառավարության թիվ 2 մասնաշենքի վաճառքի կայացման նսեմացնող որոշումն անհապաղ համարել անվաներ:
ՀԽ մշակութային արժեքների պահպանության ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանն էլ նշեց, որ իրենք առաջարկում են ՀՀ նախագահին անվավեր ճանաչել կառավարության որոշումը, պատասխանատվության ենթարկել անօրինականություններ կատարած յուրանքաչյուր անձի:
Ներկաները դրական արձագանքեցին այդ առաջարկություններին, իսկ ՀԽ անդամ Վ. Սաֆարյանն էլ ասաց, որ այս երկու առաջարկությունները հիմք կհանդիսանան առաջիկայում կայանալքի ՀԽ լիագումար նիստի ժամանակ, որը կքննարվի ու կլիազորեն ՀԽ անդամ Կարինե Դանիելյանին խմբագրված միասնական որոշում ներկայացնել նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հերթական հանդիպման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները