«Սէնդի» փոթորիկն ու նախընտրական Ամերիկան
ԱՄՆ Արևելյան ափում մոլեգնում է «Սէնդի» անունը կրող արևադարձային փոթորիկը, իսկ երկրի մյուս հատվածներն ու աշխարհը հետևում են աղետին ու սպասում, թե փոթորիկն ինչ սրբագրումներ կանի նոյեմբերի 6-ին նախատեսված ԱՄՆ նախագահի ընտրությունների գործընթացում:
Արդեն երկու օր է`ամերիկյան լրատվամիջոցների գլխագրերում ու առաջին էջերին միայն «Սէնդի»-ն է: Արևադարձային հերթական փոթորիկը, որն այդքան հատուկ է Կարիբյան ավազանի երկրների, նաև ԱՄՆ Արևելյան ափի համար, այս անգամ խիստ մեծ նշանակություն է ստացել: Թերթերը գալիք վտանգի մասին գրում են ոչ այնքան հնարավոր հետևանքների կոնտեքստում, որքան՝ ԱՄՆ նախագահի ընտրությունների, մասնավորապես քարոզարշավի վրա դրա ազդեցության:
Արևադարձային փոթորիկներն ամերիկյան աշխարհամասում նորություն չեն: «Սէնդի»-ն այս տարվա արդեն 18-րդ փոթորիկն է: Այնպես որ իրենք՝ ամերիկացիները, եղանակային այդ անախորժությանը վերաբերում են հանգիստ: Մինչդեռ իրադարձություններին կողքից հետևողների համար նկարագրվածը բավականին մեծ տպավորություն է թողնում: Ի վերջո, վերնագրերը հեռվից ազդեցիկ են հնչում. փակվել են Վաշինգտոնի և Նյու Յորքի մետրոպոլիտենները, մարդիկ էվակուացվում են, պետական ու մունիցիպալ հիմնարկները չեն աշխատում, փակվել է Նյու Յորքի բորսան և այլն:
Թե ինչ առանձնահատկություն ունի «Սէնդի»-ն և ինչով է տարբերվում այս տարվա տասնյակ, իսկ նախորդ տարիների հարյուրավոր փոթորիկներից, կարող են ասել միայն մետեո ոլորտի մասնագետները: Ընդամենը ֆիքսենք, որ «Սէնդի»-ն, չնայած արդեն մի քանի տասնյակ մարդկանց կյանք է խլել, իր ուժգնությամբ բավականին զիջում է «Կատրինա»-ին: Փոթորիկն առայժմ մոլեգնում է և կորուստների ու հետևանքների մասին խոսել կարելի է միայն դրա ավարտից հետո, որն ակնկալվում է արդեն երկու-երեք օրից:
Բայց այն աժիոտաժը, որ կա այս փոթորկի շուրջ ոմանց ենթադրել է տալիս, որ իրավիճակը նախընտրական քարոզչությանը ծառայեցնելու փորձ է արվում: Մասնավորապես, ակնկալվում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օգտվելով իր պաշտոնի ընձեռած հնարավորությունից (ինչպես Հայաստանում են ասում՝ օգտագործելով վարչական ռեսուրսները), այս օրերին ակտիվ ներգրավվածություն կունենա Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) շտաբի աշխատանքներին և դրանով իսկ կփորձի հավելյալ ձայներ ստանալ: Իսկ նրա մրցակիցը՝ Միթ Ռոմնին, թեման օգտագործելու հնարավորություն կունենա, եթե կառավարությունը կամ այդ նույն շտաբը լուրջ թերացումներ ունենան փրկարարական կամ կանխարգելման գործողություններն իրականացնելիս:
Թե կողմերից ո՞վ, ինչ արդյունք կքաղի, հայտնի չէ: Բայց միանգամայն հնարավոր է, որ եղանակային պայմանները խառնեն թեկնածուների խաղաքարտերը: Բանն այն է, որ «Սէնդի»-ի առաջին հարվածն առափնյա հատվածին, որքան էլ ուժեղ լիներ, արձանագրվում է փոթորիկի ուժգնության որոշակի մարում և հնարավոր է, որ ցամաքային հատվածում այն արտահայտվի ընդամենը թեթև եղանակային անբարենպաստ պայմաններով (ինչի հավանականությունն այս պահին շատ մեծ է):
Այս դեպքում շատ հնարավոր է, որ ընտրողների մոտ հարց առաջանա, թե ինչու են նախագահի թեկնածուներն ու լրատվամիջոցներն արհեստականորեն բարձրացրել աղետի վտանգավորության մասին գնահատականները և խափանել մի շարք կարևորագույն հիմնարկների առօրյա աշխատանքը:
Սոցիալական կայքերի բուռն զարգացման շրջանում նման քայլերը կարող են չափազանց ռիսկային լինել: Եթե Ֆեյսբուքում կամ Թվիթերում ամերիկացի ընտրողները սկսեն դժգոհել կառավարության կանխատեսումների որակից ու կարողությունից, շատ հնարավոր է Օբամայի կորուստները բազմապատիկ անգամ շատ լինեն, քան հնարավոր էր օգուտը՝ FEMA-ի շտաբի աշխատանքներին մասնակցելու դիմաց: