2011-ի մարդահամարի նախնական արդյունքներ. Հայաստանում առկա բնաչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 871 հազար 771 մարդ
2011-ի մարդահամարի նախնական արդյունքներով, 2011թ. հոկտեմբերի 11-ի լույս 12-ի կեսգիշերվա դրությամբ Հայաստանում առկա բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 871 հազար 771 մարդ, իսկ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 միլիոն 018 հազար 854 մարդ: Այս մասին ասուլիսում հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` նշելով, որ ավարտվել է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված հերթական մարդահամարի վիճակագրական մշակման աշխատանքների առաջին փուլը:
Ըստ նրա, տվյալները դեռ ենթակա են փոփոխման, իսկ վերջնական արդյունքների (այդ թվում` թվաքանակի, ինչպես նաև այլ բնութագրիչների) հրապարակումը նախատեսված է 2013 թվականին:
ՀՀ 2011թ. մարդահամարի նախնական տվյալների համաձայն, ՀՀ 2001թ. մարդահամարի համեմատությամբ, առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը` ըստ հաշվառման պահի, նվազել է 130 823 մարդով, իսկ մշտական բնակչությանը` 194 157 մարդով: Ըստ ՀՀ 2011թ. մարդահամարի նախնական արդյունքների, ՀՀ մշտական բնակչության 36.7 % կազմում է գյուղական բնակչությունը, իսկ 63.3 %` քաղաքայինը, ինչի գերակշիռ մասը (55.5 %) բաժին է ընկնում մայրաքաղաք Երևանին: Քաղաքային բնակչության թվաքանակը կազմում է 1 միլիոն 911 հազար 287 մարդ, իսկ գյուղական` 1 միլիոն 107 հազար 567: Քաղաքային բնակչության թվաքանակի ցուցանիշը` 2001թ. համեմատ նվազել է 154 866 մարդով կամ 7.5 %-ով, իսկ գյուղական բնակչությանը` 39 291-ով կամ 3.4 %-ով:
Հիշեցնենք, որ մարդահամարը մեկնարկել էր 2011-ի հոկտեմբերի 12-ին: Մարդահամարի բուն հաշվառման գործառույթը տևել է տասը օր: Հաշվառելու նպատակով ավելի քան 12000 հաշվարարներ այցելել են հանրապետության գրեթե բոլոր տնային տնտեսությունները: Մարդահամարի անցկացման համար ծախսված 2,5 մլրդ դրամ (6 մլն 668,6 հազ. ԱՄՆ դոլար) գումարի 56%-ը տրամադրել է կառավարությունը, մնացած մասը` մի շարք միջազգային դոնոր կազմակերպություններ և պետություններ:
Ըստ «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի, Հայաստանում 10 տարին մեկ անգամ պետք է անցկացվի մարդահամար։ Առաջին մարդահամարն անցկացվել է 2001-ին: ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքներով` ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3213011 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները