Չեխիայի սենատի նախագահ. Ադրբեջանի նախագահի քայլը միջազգային բոլոր չափանիշներին դեմ էր
Չեխիայում պաշտոնական այցով գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ հանդիպմանն անդրադարձել է Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպանին հայրենիք վերադարձնելու, այնուհետ Ադրբեջանի իշխանությունների կողմից ոճրագործին ներում շնորհելու փաստին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է Չեխիայի ԱԳՆ դիրքորոշումը, որը միանշանակ խիստ գնահատական էր տվել տեղի ունեցածին:
Նա բարձր է գնահատել Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դատապարտող բանաձևը:
«Կարևորելով մեր գործընկերների կողմից արդարացի և առանձնահատուկ այս քայլը՝ համոզված եմ, որ մեր խորհրդարանների միջև համագործակցությունն այսուհետ ևս կլինի արդյունավետ և շարունակական»,-ասել է Հ. Աբրահամյանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնելհանդիպմանը ներկա Սենատոր Շտետինային իր բազմամյա հայանպաստ աշխատանքի համար՝ սկսած 1988թ. ավերիչ երկրաշարժի ժամանակաշրջանից: Նա բացի Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձևի ընդունումից, վերջերս ԵԱՀԿ ԽՎ Տիրանայում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ սատարել է ՀՀ դիրքորոշումը, հատկապես Սաֆարովի դեպքի առնչությամբ:
Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը և դատապարտելով այն` Մ. Շտեխը նշել է, որ Հունգարիայի քայլը միգուցե սխալի կամ անփութության հետևանք էր, բայց Ադրբեջանի նախագահի քայլը միջազգային բոլոր չափանիշներին դեմ էր:«Անթույլատրելի է , որ մարդասպանը ազատ է արձակվում և հերոսի կոչում է ստանում»,-նշել է Չեխիայի Սենատի նախագահը:
«Ադրբեջանի իշխանությունների այս որոշումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին՝ մարդասպանը չի կարող ազատության մեջ հայտնվել ու ստանալ հերոսի կոչում» - հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ասել է պարոն Շտեխը:
«Մարդասպանին, ոճրագործին հերոսացնելը հարիր չէ որևէ երկրի նախագահի: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի արտգործնախարարությանը, Չեխիայի Սենատին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, նրանց, ովքեր դատապարտեցին Ադրբեջանի և Հունգարիայի կողմից իրականացված այդ անբարոյական քայլը», - ասել է Հովիկ Աբրահամյանը: