«Ապոլոն-Տիրի տաճար, 10 սենյակից բաղկացած հասարակական բաղնիք...». հայոց արքայանիստ քաղաքի նոր գտածոները
Հնագիտության որոտին վերաբերվող քննարկման շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Արարատի մարզի Լուսառատ համայնք` ծանոթանալու 1970 թվականից մինչ օրս այստեղ ընթացող` հայկական հնագույն մայրաքաղաքներից մեկի` Արտաշատի պեղումներին: Երկրի ղեկավարին ներկայացվեցին պեղումների ընթացքը, կատարված աշխատանքները, արդյունքներն ու հետազոտությունները, ինչպես նաև` հնավայրի առջև կանգնած մարտահրավերներն ու նախատեսվող ծրագրերը:
Լրագրողների հետ զրույցում Արշավախմբի ղեկավար Ժորես Խաչատրյանը շեշտեց, որ պեղված է հին մայրաքաղաքի միայն մի մասը: Նա նշեց, որ Արտաշատի տեղում բնակավայր է եղել դեռևս մ.թ.ա 5-րդ հազարամյակում, իսկ ներկայումս պեղումներն իրականացվում են Խոր Վիրապի բլրախմբի վրա` որտեղ ժամանակին եղել է քաղաքի միջնաբերդը և կենտրոնական թաղամասը:
«2003-ից պեղումներ են կատարվել ներքին քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածում: Այստեղ երևան են եկել զանգվածեղ քարերով կառուցված, ենթադրաբար, Ապոլոն-Տիրի տաճարի ստիլոբատը, 10 սենյակից բաղկացած հասարակական բաղնիքը, սյունազարդ դահլիճը և այլ կառույյցներ», - լրագրողներին հայտնեց հնագետ Պավել Ավետիսյանը`շեշտելով, որ նման գտածոները թույլ են տալիս վերականգնելու Հին Արևելքի խոշորագույն տնտեսական և մշակութային կենտրոններից մեկի և հայոց արքայանիստ քաղաքի ընդհանրական նկարագիրը: