Փորձագետ. Ադրբեջանի համար խնդրի խաղաղ կարգավորումը հարցի լուծման միակ տարբերակը չէ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլդար Սաբիրօղլուն երկու օր անընդմեջ կտրուկ հայտարարություններ է տարածում: Երեկ վերջինս մասնավորապես նշել էր, թե Ադրբեջանն այնպիսի ռադարային կայան ունի, որը ոչ միայն կվնասազերծի հակառակորդի կողմից արձակված հրթիռները, այլ կարող է մի քանի րոպեի ընթացքում հարված հասցնել Հայաստանի ցանկացած օբյեկտի, իսկ այսօր հայտարարել, թե ադրբեջանական բանակը Ստեփանակերտի օդանավակայանի բացման դեպքում համապատասխան քայլերի կդիմի: Միաժամանակ Ադրբեջանի 1-ին բանակային կորպուսի հրամանատար գեներալ Նիզամ Օսմանովն այսօր հայտարարել է, թե բանակը պատրաստ է իրականացնել իր առջև դրված խնդիրները: Թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցեց փորձագետ Տիգրան Աբրահամյանի հետ:
Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի զինվորական ղեկավարության այս կտրուկ արձագանքները երկու հիմնական պատճառ ունեն:
«Առաջինը՝ այդ հայտարարությունները պատասխանն էին օրեր առաջ Արցախի Աղդամ բնակավայրում տեղակայված հրաձգարանում, մեծ թվով ռազմական տեխնիկայի մասնակցությամբ իրականացված տպավորիչ զորավարժությանը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ցանկացած նմանատիպ զորավարժություն Ադրբեջանի իշխանական էշելոններում մեծ աժիոտաժ է առաջացնում, ինչին պաշտոնական Բաքուն որպես կանոն պատասխանում է կտրուկ հայտարարություններով: Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքների ու արձագանքների «հուժկու» լինելն ուղիղ համեմատական է Արցախում իրականացված զորավարժության որակական մակարդակին:
Երկրորդ, հաշվի առնելով այն փաստը, որ հոկտեմբերի 27-ին, Փարիզում տեղի էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցության հանդիպում, որտեղ կողմերն իրենց նվիրվածությունն էին հայտնել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ, ապա Ադրբեջանի զինվորական հրամանատարության այս հայտարարությունը երկու բան է նշանակում. կամ զինվորական ու քաղաքական ղեկավարության մեջ այս հարցում կոնսենսուս չկա կամ Ադրբեջանը այնուամենայնիվ ազնիվ չէր իր հայտարարություններում և որպես կանոն ամեն ինչ անում է ստատուս-քվոյի պահպանման համար»,- նշեց Տ. Աբրահամյանը:
Փորձագետի խոսքերով, Փարիզում երկու երկրների ԱԳ նախարարները հաստատել էին իրենց վճռակականությունը` «շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով», սակայն Ադրբեջանն այդ հանդիպումից մի քանի օր անց հասկացնել տվեց, որ ոչ միայն հետ է կանգնում ձեռք բերված պայմանավորվածություններից, այլ որ իր համար խնդրի խաղաղ կարգավորումը հարցի լուծման միակ տարբերակը չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան