Հրայր Թովմասյանը սովորական է համարում դատապարտյալների` աչք, շրթունք կարելու դեպքերը
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սովորական է համարում դատապարտյալների` աչք, շուրթեր կարելու և ճկույթ կտրելու դեպքերը և նշում է, որ դատապարտյալներն ինքնավնասմամբ են զբաղվում նաև այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսին են` Հունգարիան, Էստոնիան:
«Մարդը պարզապես ինչ-որ բաներ է սկսում մտածել, ազատության համար սկսում է ինչ-որ բան անել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հրայր Թովմասյանը` անդրադառնալով դատապարտյալների բողոքի վերջին ակցիաներին, երբ նրանցից մի քանիսը կարել էին իրեց շուրթերը, աչքերը, իսկ մեկն էլ կտրել էր ճկույթը:
Նախարարի խոսքով, դատապարտյալները, ովքեր կարում են իրենց շուրթերը, դրանց մեջ ունեն համապատասխան անցքեր, նրանց համար սովորական բան է դարձել բերան կարելը: Թովմասյանը նույնիսկ համեմատություն անցկացրեց. «Ոնց որ աղջիկները ականջող են կրում, էդպես էլ իրենց համար էդ կարելն ա»:
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում ընդհանրապես, խնդիրներին նախարարը վստահեցրեց, որ արդարադատության նախարարությունը երբեք քրեակատարողական համակարգում եղած խնդիրները թաքցնելու մարտավարություն չի իրականացրել: «Խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է: Կարող եմ բացահայտ ասել` երբ ես նշանակվեցի, մենք ունեինք մոտ մեկ միլիարդ գումար, շատերն ասում էին, որ այդ գումարը պետք է ուղղել հենց գործող քրեակատարողական հիմնարկների վերանորոգմանն ու պայմանների բարելավմանը: Դրա անհրաժեշտությունը կա, բայց ենթակառուցվածքների նորոգումն ու բարելավումը նման է ծակ դույլի մեջ ջուր լցնելուն»,- ասաց նախարարը:
Լուծումը, ըստ գերատեսչության ղեկավարի, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումն է. մեկ տարի հետո արդեն պատրաստ կլինի «Արմավիր» ՔԿՀ-ն, այնուհետև` մեկ այլ մեծ ՔԿՀ, որոնցում կլինի 2-ից 3 հազար տեղ, այլ ոչ թե ներկայիս մեծաթիվ ՔԿՀ-ների նման, որտեղ ընդամենը 300 մարդ կարող է ապրել:
«Մեզ համար շռայլություն է այսպիսի հիմնարկներ ունենալը, որտեղ միջին ծանրաբեռնվածությունը 300 մարդ է: Պետք է գնալ և աստիճանաբար գնում ենք օպտիմալացմանը»,- հավելեց Հրայր Թովմասյանը:
Մատը կտրած դատապարտյալը 20 անգամ պատասխանատվության է ենթարկվել. Ի՞նչ պետք է անի նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան