Ի՞նչ փոխհատուցում է նախատեսում պետությունը անապահովներին` գազի գնի բարձրացման դեպքում
«Evrostat-ի տվյալներով` Հայաստանում ամենացածր նվազագույն աշխատավարձն է` 58 դոլար: Արդյո՞ք չեք տեսնում այնպիսի ռեզերվներ, որ պետությունը կարող էր նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ով ավելացներ ոչ թե 2.500 դրամով, այլ ավելի»,- դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` խորհրդարանում ընթացող 2013թ-ի պետբյուջեի քննարկումների ժամանակ հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Արձագանքելով հարցին` Արտեմ Ասատրյանը նշեց, թե բնական է, որ որպես սոցապ նախարար ինքը կցանկանար, որպեսզի նվազագույն աշխատավարձի չափը ավելի բարձր լիներ: Իսկ ինչ վերաբերում է բուն հարցին, ապա.
«Եթե ռեզերվներ լիներ, ապա կառավարությունը միանշանակ կգնար այն քայլին, որ շատ ավելին լիներ բարձրացումը»,- շեշտեց նա:
ԲՀԿ-ական պատգամավորի հաջորդ հարցը` եթե գազի գնի ավելացումը հաստատվի, ապա Հայաստանի բնակչության 100 հազար ծայրահեղ աղքատները ինչպիսի՞ փոխհատուցում կարող են ակնկալել պետությունից.
«2011թ-ից իրականացվում է ծրագիր, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքները գազի դիմաց վճարվելիք 132 դրամից վճարում են միայն 100 դրամը, իսկ 32 դրամը փոխհատուցում է պետությունը: Ծրագիրը շարունակվելու է ևս մեկ տարով: Բայց խնդրին անդրադարձ կարելի է կատարել այն ժամանակ, երբ ավելի առարկայական կլինի գազի գնի բարձրացումը»,- ընդգծեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները