Հայաստանի բուհերից 12-ը համարվում են խոշոր հարկատուներ. Ա.Աշոտյան
Կրթության ոլորտում գործող կազմակերպություններից հիմնական հարկ վճարողների կողմից 2012 թվականի առաջին կիսամյակում վճարվել է 4 մլրդ 916 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11.4%-ով ավելի է: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած ոլորտի հարկային հավաքագրումների ցուցանիշները:
Նրա խոսքերով՝ ավագ դպրոցներից 35-ը հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ), իսկ 31-ը` շահութահարկով: Նախարարը նշեց, որ բուհերից 12-ը համարվում են խոշոր հարկատուներ, հատկապես պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով և գտնվում են ՀՀ-ի առաջին 100 հարկ վճարողների ցանկում: Բուհերի կողմից սոցվճարի վճարման ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15%-ով:
Այսպիսով, եթե 2011թ-ն առաջին կիսամյակում հիշյալ բուհերի կողմից պարտադիր սոց. ապահովագրության գծով վճարվել է 1709,0 մլն դրամ, ապա 2012թ-ի առաջին կիսամյակում՝ 1965,4 մլն դրամ: Նշվեց նաև, որ հոկտեմբերի 8-ի դրությամբ համակարգի գերավճարը կազմել է 3 մլրդ 307 մլն դրամ, ապառքը` 11 մլն դրամ:
Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերին, Ա.Աշոտյանը նշեց, որ դպրոցներում աշխատավարձը 120 հազար դրամ է, սակայն զերծ մնալով զանգվածային կրճատումներից՝ դեռևս դպրոցներում աշխատում են ուսուցիչներ, որոնք անգամ կես դրույք չունեն, ինչի արդյունքում նրանց միջին աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ:
ԿԳ նախարարի խոսքերով՝ կրթության բնագավառի վճարովի ծառայությունների քանակը նվազել է, ինչը հիմնականում կապված է բուհերում վճարովի սովորող ուսանողների քանակի նվազեցման հետ:
Կառավարության հաջորդ նիստում հաշվետվություն կներկայացնի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա