«Դեղերի շուկան մենաշնորհային չէ». Դումանյանը չգիտե, որ Սամվել Ալեքսանյանը դեղ է ներկրում
Եթե առողջապահության ոլորտում իր ղեկավարության տարիներին չարաշահումներ հայտնաբերվեն ներկայիս նախարար Դերենիկ Դումանյանը պատրաստ է պատասխանատվություն կրել: «Ես պատասխանատվություն կկրեմ իմ մասով, այն բանի համար, թե ես, որպես առողջապահության նախարար, ինչ միջոցներ չեմ ձեռնարկել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտը, որը ունի ուրիշ լիազոր մարմին, չի կարողացել օրենքի սահմաններում դեղորայք գնել»,- այսօր լրագրողների հետ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց նախարար Դումանյանը:
Այդ դեպքում ինչո՞ւ նախկին նախարար Հարություն Քուշկյանը առողջապահության ոլորտում, մասնավորապես դեղերի շուկայում արձանագրված չարաշահումների մասին հարցերին պատասխաններ չի տալիս, նախարարն արձագանքեց.
«Իսկ դուք հարցրե՞լ եք, նա չի՞ տվել: Եթե դուք հարցնեք, միգուցե նա կտա ձեզ բացատրություններ: Այսօր առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվում է բուժհիմնարկների ընդամենը 10 տոկոսը: 90 տոկոսն ունի այլ լիազոր մարմին: Քաղաքապետարանի ենթակայության տակ են գտնվում Երևան քաղաքի բուժհիմնարկների մեծ մասը: Մնացած բուժհիմնարկները գտնվում են մարզային ենթակայության տակ: Այսինքն, մենք ուղիղ կառավարման խնդիր տվյալ բուժհիմնարկի հետ չունենք, և մեր կառավարումը վերաբերում է ընդհանուր առողջապահական քաղաքականությանը»:
Լրագրողները փորձեցին հասկանալ` այսինքն Դումանյանն արդարացնո՞ւմ է Քուշկյանին, նախարարն էլ պատասխանեց. «Ես ոչ արդարացնող եմ, ոչ մեղադրող: Ես առողջապահության նախարարն եմ: Ես պատասխանատու եմ իմ քայլերի համար»:
Առողջապահության նախարարն այն կարծիքին է, որ դեղերի շուկան մենաշնորհային չէ և ասաց, որ ոլորտում կան 70 կազմակերպություններ, որոնք դեղեր են ներկրում Հայաստան, հետևաբար մենաշնորհի մասին խոսք լինել չի կարող:
Այս հայտարարությունից հետո լրագրողը հետաքրքրվեց` այդ կազմակերպություններից քանիսի՞ տերն է Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), ինչի հաջորդեց նախարար Դումանյանի արձագանքը. «Ես չգիտեմ: Ես կոմպետենտ եմ բոլոր հարցերին, բայց այն հարցերին, որոնք ինձ են վերաբերում: Ես դեղերի ներկրողների ազգանունները չեմ հարցրել, թե ով է ներկրում: Դեղերի ներկրողը դիմում է նախարարություն, խնդրում թույլտվություն, որ տվյալ դեղը ներկրվի: Մենք հայտը ներկայացում ենք դեղգործակալությանը, փորձագիտական կենտրոնին, որն ուսումնասիրում է դեղի որակը, փաստաթղթերը, նոր թույլ ենք տալիս, որ նա ներկրի: Թե նա ում ազգանունով է ներկրում, դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է, որ դեղը լինի որակյալ, անվտանգ և արդյունավետ»:
Մյուս հարցին, թե եթե ազգանուններով չգիտեք, հնարավո՞ր է ադրբեջանցին դեղ ներկրի Հայաստան, Դումանյանը պատասխանեց հարցով. «Չգիտեմ, ձեր կարծիքով նման սուբյեկտն իրավունք ունի՞ Հայաստան դեղ ներմուծել»:
Նշենք, որ դեղերի շուկայում Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերությունը անբարեխիղճ գործունեություն էր ծավալել` շուկայում զբաղեցնելով գերիշխող դիրք, ինչ արդյունքում 50 մլն դրամով տուգանվել էր ՏՄՊՊՀ-ի կողմից:
Նախորդիվ`
«Սզնի»-ի ղեկավարը պահանջում է պատժել «Նատալի Ֆարմ»-ին
«Նատալի ֆարմը» տուգանվեց 50 միլիոն դրամի չափով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա