ՄԻԵԴ վճիռների քանակով ու փոխհատուցումների ծավալով Հայաստանը զիջում է հարևաններին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանից ներկայացված հայցերի հիման վրա դատարանն ընդհանուր առմամբ կայացրել է 42 վճիռ, որոնցով նշանակվել է 454.694 եվրոյի փոխհատուցում հայցվորների օգտին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նշված գումարից ՀՀ պետական բյուջեից վճարվել է 287.884 եվրոն, իսկ մնացած 166.810 եվրոն վճարվել կամ վճարվում է Հյուսիսային պողոտայի վերաբերյալ գործերով կառուցապատողների կողմից:
Հարկ է նկատել, որ անցած 10 տարիներին Հայաստանի Հանրապետությունից ՄԻ եվրոպական դատարան ուղղարկված հարյուրավոր հայցերով ընդհանուր առմամբ պետությունից պահանջվել է 15.309.867,30 ԱՄՆ դոլար փոխհատուցման գումար: Եթե համեմատենք արտարժույթի այսօրվա փոխարժեքներով (1 դոլարը՝ 405,47 դրամ, 1 եվրոն՝ 527,03 դրամ), ապա կարելի է նշել, որ հայցվորների պահանջների ընդհանուր ծավալը կազմել է 11.778.631 եվրո: Ստացվում է, որ եվրոպական դատարանը բավարարել է հայաստանցի հայցվորների պահանջի չնչին մասը՝ մոտ 4%-ը:
Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանից ՄԻԵԴ ուղղարկված հայցերի հիման վրա կայացվել է 49 վճիռ, որոնցով սահմանվել է 816.469 եվրոյի փոխհատուցման գումար: Ադրբեջանի դեպքում կայացված վճիռների քանակը 58-ն է, իսկ փոխհատուցման ենթակա գումարի ընդհանուր ծավալը՝ 779.216 եվրո:
Այս առումով բավականին ուշագրավ են Մոլդովայի տվյալները: Աշխարհագրական ու դեմոգրաֆիական պարամետրերով Հայաստանի հետ համեմատելի հետխորհրդային այս երկրից ՄԻԵԴ-ին ուղղված հայցերի հիման վրա դատարանը կայացրել է 229 վճիռ, որոնց հիման վրա սահմանվել է 20.073.258 եվրոյի փոխհատուցում:
Միջին հաշվով Հայաստանից տրված դիմումների հիման վրա փոխհատուցում նշանակված գումարը միջին հաշվով մեկ վճռի դեպքում կազմում է 10826,05 եվրո: Ադրբեջանի դեպքում այս ցուցանիշը կազմում է 13434,76, իսկ Վրաստանի դեպքում՝ 16662,63 եվրո: Նույն Մոլդովայի պարագայում այս ցուցանիշը Հայաստանի հետ համեմատած ռեկորդային է. մեկ դատավճռի կտրվածքով այս երկրի դեպքում նշանակվել է միջինը 87656,15 եվրո փոխհատուցում:
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի դեմ ՄԻԵԴ կայացրած վճիռների և դրանցով սահմանած փոխհատուցման գումարների համեմատական աղյուսակ
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի դեմ ՄԻԵԴ կայացրած վճիռների ընդհանուր թվի համեմատական պատկեր
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ կայացրած վճիռների ընդհանուր թվի համեմատական պատկեր
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի դեմ ՄԻԵԴ կայացրած վճիռներով սահմանած փոխհատուցման գումարների համեմատական պատկեր
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ կայացրած վճիռներով սահմանած փոխհատուցման գումարների համեմատական պատկեր