Լրագրողի հետ ընդհարված դատախազը ազատվել է աշխատանքից
Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը հոկտեմբերի 31-ին Գլխավոր դատախազի հրամանով ազատվել է աշխատանքից` դատախազին ոչ հարիր վարք դրսևորելու համար: Այդ մասին այսօր Panorama.am-ին տեղեկացրեց գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մանրիկյանը և նրա որդին Երևանի շենքերից մեկի բակում դեռ մայիսի 12-ին ընդհարվել էին լրագրող Ռուբեն Գրդզելյանի հետ, ինչի արդյունքում առաջացել էր ծեծկռտուք: Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ և որպես մեղադրյալ գործում ներգրավվել էին Գրդզելյանն ու դատախազի որդին` Ալբերտ Մանրիկյանը: Մեսրոպ Մանրիկյանին քրեական գործը չէր վերաբերել:
Հոկտեմբերի 10-ին դատարանի որոշմամբ լրագրողը անմեղ ճանաչվեց, իսկ Մանրիկյանի որդին տուգանվեց 50 հազար դրամի չափով:
Վերջերս իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խստորեն քննադատել էր դատախազության համակարգում տիրող վիճակը և որոշ դատախազների անօրինական գործողությունները:
«Դատախազի կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում, դատախազը մնում է անպատիժ: Այսինքն, դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, և հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են և ուրիշին են ուզում դատապարտել», -մասնավորապես, ասել էր նախագահ Սարգսյանը: