Պատմամշակութային կոթողի վաճառքից ոչ ոք տեղյակ չէր
Տեղեկացնելով, որ հոկտեմբերի 31-ին Հանրային խորհուրդը քննարկել է ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտգործնախարարության շենքի վաճառքի որոշումը` «Голос Армении»-ն գրում է. «Հետաքրքրականն այն է, որ մշակույթի նախարարությունն այս քննարկմանը որևէ ներկայացուցիչ չէր ուղարկել, այնինչ արտգործնախարարության շենքը պատմամշակութային կոթող է և մշակույթի նախարարության պաշտպանության տակ է»:
Թերթի թղթակցի հետ զրույցում Հանրային խորհրդի քննարկմանը հրավիրված ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշել է, որ զանգել է ՀՀ մշակույթի նախարարություն և այնտեղ իրեն ասել են, որ արտգործնախարարության շենքի վաճառքի մասին իրենք որևէ ծանուցում չեն ստացել: «Տպավորություն է ստեղծվում, որ գործարքի կայացումից հետո բոլորը փորձում են խուսափել այդ գործարքի պատասխանատվությունից: Քաղաքապետարանը հայտարարում է, որ իրենք ոչ մի կապ չունեն այդ գործարքի հետ. սա այն պարագայում, երբ վերջերս տրված հարցազրույցներից մեկում վարչապետ Տիգրան Սարգսյանը հստակ ասել է, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է քաղաքապետարանի հետ: Մշակույթի նախարարությունն էլ հանկարծ նոր իմացավ այդ վաճառքի մասին»,-գրում է «ГА»-ն` նշելով, որ Հանրային խորհուրդն էլ, չգիտես ինչու, այդ հարցը քննարկում է այն ժամանակ, երբ գործարքն արդեն կայացել -ավարտվել է: