ԱԱԾ աշխատակիցը` Հանրային հեռուստաընկերության խորհրդի հնարավոր նախագահ
ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ Տիգրան Բարսեղյանն արդեն մի քանի ամիս է, ինչ նշանակվել է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խորհրդական, ինչը լարվածություն է առաջացրել Հ1–ում. Գրում է «Հրապարակը»:
Հ1-ում չեն բացառում, որ հենց նա էլ մի քանի ամսից կփոխարինի պաշտոնավարման ժամկետը լրացած Հարությունյանին։
«Բարսեղյանի անունը որոշ լրատվամիջոցներ կապում էին 2004թ. ապրիլի 12-ի և 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ. նրա ղեկավարած վարչությունն էր գաղտնալսել ընդդիմադիր գործիչների հեռախոսազրույցները։ Զբաղեցրած պաշտոնից նա ազատվել է 2011-ի նոյեմբերին՝ ըստ լավատեղյակ աղբյուրների, սպասվող պալատական հեղաշրջման փորձերին տեղյակ լինելու, սակայն այդ մասին ղեկավարությանը չզեկուցելու պատճառով»,- գրում է թերթը։
Ըստ որոշ տեղեկությունների` հենց Բարսեղյանն է Հ1–ի եթերը գովազդազրկելու առաջարկի հեղինակը, ինչն էլ հենց լարվածություն է առաջացրել. հունվարի 1-ից Հանրայինն այլևս գովազդներ չի հեռարձակելու։ Այնուհանդերձ, թերթի` նախագահականին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում նաև, որ սույն գեներալն առաջիկայում նշանակվի Սերժ Սարգսյանի անվտանգության հարցերով խորհրդական, իսկ այս պաշտոնը թափուր է Գառնիկ Իսագուլյանի հեռացումից ի վեր։