Զաքարեիշվիլի. Ջավախքի հայության խնդիրները պայմանավորված են համապետական ինստիտուտներում թույլ ինտեգրացիայով
«Ջավախքի հայության խնդիրները պայմանավորված են Վրաստանի համապետական ինստիտուտներում բնակչության թույլ ինտեգրացիայով»: «Գրուզիա օնլայն» լրատվական կայքի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման նորանշանակ նախարար Պաատա Զաքարեիշվիլին, չհամաձայնվելով այն մտքի հետ, թե Վրաստանի հայությունը այդ երկրի իշխանությունների թողտվությամբ թուրք-ադրբեջանական տարրի կողմից ճնշումների է ենթարկվում:
«Դա բացառված է և դա այդպես չէ: Չեմ կարծում, որ Ջավախքի հայությունը չի կարողանում խոսել իր մայրենի լեզվով: Հակառակն է իրականում. Ջավախքի հայերն ու Քվեմո Քարթլիի ադրբեջանցիները ավելի լավ խոսում են իրենց մայրենի լեզուներով, քան պետական լեզվով: Դա ոչ թե մայրենի լեզվի, այլ պետական լեզվի խնդիր է: Ջավախքում ավելի լավ գիտեն Հայաստանի, քան Վրաստանի պատմությունը»,- հայտարարել է նա, ընդգծելով, որ դա վերաբերմունք է ոչ թե հայոց, այլ վրաց պատմության նկատմամբ:
Իսկ ինչ վերաբերում է հոկտեմբերյան ընտրությունների ժամանակ երկրի ազգային փոքրամասնությունների քաղաքական դիրքորոշմանը, Զաքարեիշվիլին ընդգծել է, որ ազգային փոքրամասնություններն ավանդաբար քվեարկել են իշխանությունների օգտին. «Եթե նայենք ջավախքի ու Քվեմո-Քարթլիի բնակչության քվեարկության արդյունքները, ապա կտեսնենք, որ այնտեղ անցել են «Ազգային շարժման» ներկայացուցիչները: Այսինքն` այդ երևույթը այս անգամ էլ իրեն զգացնել տվեց: Բայց ձայների այդպիսի բարձր տոկոսներ, ինչպիսիք այս անգամ տվել էին ընտրողները ընդդիմությանը, նախկինում չէր լինում: Ե´վ հայերը, և´ ադրբեջանցիները հավատացին ընդդիմության ուժերին և իրենց ձայնը նրան տվեցին»,- նկատել է նախարարը, այն անվանելով լավ նշան:
Զաքարեիշվիլին նաև իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ «ազատության և դեմոկրատիայի քամին սկսել է ներթափանցել այդ տարածաշրջաններ»: «Հուսով եմ, որ հաջորդ ընտրություններին այդ շրջաններում ապրող բնակչությունը ևս կգիտակցի, որ իր ազատությունն իր ձեռքերում է»:
Խոսքի ավարտին վերաինտեգրման գերատեսչության ղեկավարը համոզվածություն է հայտնել, որ Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վրաստանի հայերի համար պայմանները կլինեն այնպիսին, ինչպիսին Վրաստանի մյուս քաղաքացիների համար են: «Մենք պետք է այնպիսի պետություն կառուցենք, որտեղ մարդիկ այլ ազգանվան, դավանանքի ու ինքնության պատճառով իրենց վատ չեն զգա»,- եզրափակել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա