Մատաղիսի դեպք. Թիկունքի գծով տեղակալը ձերբակալվել է
Օրեր առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ այս տարի սեպտեմբերին, Հայաստանի զինված ուժերում գրանցվել է սպայի կողմից զինծառայող Վանյա Կարապետյանին ծեծի ենթարկելու, դաժան և արժանապատվությունը նվաստացնող դեպք:
Զինծառայողի ծնողները տեղեկացրել էին, որ դեպքը տեղի է ունեցել դիրքերում, իսկ զորամաս տեղափոխվելուց հետո Վանյա Կարապետյանը ուժեղ գլխացավերի պատճառով դիմել էր բուժակին: Վերջինս նրան տվել է գլխացավի դեղեր, սակայն շարունակական գլխացավերի պատճառով զինծառայողը տեղափոխել է Ալաշանի հոսպիտալ, մյուս օրը` Ստեփանակերտի, իսկ 2 օրից` ուղղաթիռով տեղափոխել են ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ սեպտեմբերի 23-ին, նա ենթարկվել է վիրահատության:
Panorama.am-ի հետ զրույցում Ալաշանի հոսպիտալի Նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյանը տեղեկացրեց, որ Վանյա Կարապետյանի առողջական վիճակը բավարար է:
«Նա ապաքինվում է: Վանյայի մոտ որևիցե մնայուն շեղում չպետք է լինի»,-ասաց Արման Հակոբյանը` հավելելով, որ Վանյա Կարապետյանը շուտով դուրս կգրվի:
Հոսպիտալի բժիշկների փոխանցմամբ Վանյա Կարապետյանին ծեծելու մեջ մեդադրվող ԼՂՀ ՊԲ Մատաղիսի N զորամասի թիկունքի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ Կամո Սարգսյանը մի քանի անգամ փորձել է տեսակցել ծնողներին և Վանյային, ու պարբերաբար զանգահարում է զինծառայողի առողջական վիճակի մանրամասներն իմանալու համար:
Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ դեպքին, ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը նշեց, որ Մատաղիսի N զորամասի թիկունքի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ Կամո Սարգսյանը ձերբակալվել է:
Նշենք, որ ավելի վաղ ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 375 հոդվածի առաջին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը): Կատարվում է նախաքննություն:
Նախորդիվ` «Զինծառայողին քնած վիճակում և ուշանալու պատճառով 3 անգամ ծեծել է գումարտակի հրամանատարի տեղակալը». հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան