Վ. Շահրամանյան. Հայերը հաճախ շփոթում են կուսաթաղանթ անատոմիական տերմինը կուսություն բարոյական հատկանիշի հետ
«Պետք չէ այդ խնդիրը քննարկել, քանի որ ավելի ծանր ու լուրջ խնդիրներ ունենք: Տպավորությունն այնպիսին է, թե ամեն ինչ մեզ մոտ նորմալ է, բոլոր պարերը պարել ենք, մնացել է սարի սմբուլը: Ծիծաղելի է: Արհեստական ստեղծված բան է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես արձագանքեց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը, երբ խոսք գնաց «արհեստական կուսաթաղանթի» մասին:
Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում «արհեստական կուսաթաղանթ» ներկրելու մասին լուրեր էին տարածվել, իսկ համացանցում էլ նմանատիպ ապրանքի վաճառքի մասին տարբեր մարդիկ հայտարարություն էին տվել:
Միաժամանակ գինեկոլոգն ասաց, որ դա բժշկական խնդիր չէ, ու այն բժիշկները, որոնք զբաղվում են նման բանով (կարում են կուսաթաղանթ), նշանակում է զբաղվում են խաբեբայությամբ, հետևաբար բժիշկ չեն, իսկ այն կանայք, որոնք դիմում են դրան, սկսում են իրենց կյանքը խաբեբայությունից:
Սեքսապատալոգ Վրեժ Շահրամանյանն էլ ասաց, որ տարածված տեղեկատվությունը, թե իբր ներկրվում է, ապատեղեկատվություն է, լուրջ բովանդակություն չունի ու չարժե քննարկել: Բայց և այնպես, նա նշեց, որ արհեստական կուսաթաղանթը եզրերին ունի գունաներկ, տեղադրվում է հարաբերությունից 20 րոպե առաջ, կինը, ինչպես արտադրողն է նշում, թատերական ունակություններ պետք է ունենա ու ձևացնի, թե իբր կուսաթաղանթը պատռվել է: Վ. Շահրամանյանն ասաց, որ արտադրողը նշում է նաև, թե որ երկրների համար է իր արտադրանքը: Այդ երկրների ցանկում նշված է նաև Հայաստանը: «Սիրո ու ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ, այն էլ արհեստական: Այս հարցը կնճռոտ խնդիր է հայ հասարակության համար, քանի որ հաճախ շփոթում են կուսաթաղանթ անատոմիական տերմինը կուսություն բարոյական հատկանիշի հետ: Սրանք տարբեր բաներ են»,- ասաց նա:
Նախորդող նորություններ` Օրինական ճանապարհով «արհեստական կուսաթաղանթ» Հայաստան չի ներկրվել. ՊԵԿ