Ծնողական ժողով անձնագրերով. «Ախր ինչո՞ւ պիտի անձնագրով մտնեն ժողովի, հարգելիս»
Քիչ առաջ խմբագրության էլեկտրոնային փոստին ահազանգ-նամակ ստացվեց, որ Ավանի թիվ 171 դպրոցում և դիմացի մանկապարտեզում ծնողական ժողով է հրավիրված: Ըստ նամակի, ծնողներից մի քանիսը ահազանգել և տեղեկացրել են, որ այդ ժողովները կապված են Ավանի թիվ 1 ընտրատարածքում սպասվող պատգամավորական ընտրությունների հետ:
«Բանն այն է, որ այդ վարչական շրջանում առաջադրված Ռոբերտ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրն է և ծնողական ժողովների հիմանական թեման այդ ընտրություններն են լինելու:
Ի դեպ, Ավանի թիվ 171 դպրոցում հրավիրված այդ ժողովում ծնողներին զգուշացրել են ներկայանալ անձնագրերով: Այդ ժողովը 171 դպրոցում այսօր ժամը 14:30-ին է, դիմացի մանկապարտեզում մեկ-երկու ժամից, իսկ 170 դպրոցում մի քանի օրից»,-ասված է նամակում:
Թիվ 171 դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը Panorama.am-ին հայտնեց, որ իսկապես ժողով հրավիրվել է, սակայն դա ընտրությունների հետ որևէ կապ չունի:
«Մանկապարտեզի մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց մենք հերթական ժողովն ենք անում: Մանկավարժական խորհրդի նիստն արել ենք, որին միշտ անմիջապես հետևում է ծնողական ժողով: Այս պահին հենց ժողովն ընթանում է, ինչպես տեսնում եք, ես էլ ոչ մասնակցում եմ, ոչ հորդորում եմ, ոչ էլ ջարդուխուրդ եմ անում: Նստած եմ իմ տեղում, ձեզ հետ խոսում եմ»,-ասաց տնօրենը:
Եթե ժողովի ընթացքում դասղեկներն անդրադառնան նաև Ավանում կայանալիք պատգամավորի ընտրություններին, ապա տնօրենը դրանում ոչ մի վատ բան չի տեսնում:
«Ավանցիներ են բոլորն էլ: Եթե թեկնածու կա, ուրեմն անպայման դրան մեկն էլ կամ տասն էլ ճանաչում են, եթե ասում են, թող ասեն, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Բայց ժողովը հատուկ դրա համար չէ հրավիրված»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ծնողական ժողովին անձնագրերով ներկայանալու մասին տեղեկություններին, Ա. Սաֆարյանն արձագանքեց. «Ախր ինչո՞ւ պիտի անձնագրով մտնեն ժողովի, հարգելիս: Եթե մոտիկ եք, համեցեք, մասնակցեք: Եթե մի բան ասում են, թող ճիշտ ասեն: Ես հիմա ասում եմ բացարձակ ճշմարտությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա