Թուրքիայի հայտարարությունը կրում է քաղաքական բնույթ. Մեծամորի ատոմակայանը համապատասխանում է ՄԱԳԱՏԵ-ի չափանիշներին
Հայաստանի էներգետիկայի զարգացման նախագծով նախատեսված է կառուցել նոր միջուկային էներգաբլոկ, որի շահագործման հանձնելուց հետո գործող էներգաբլոկը կդադարեցնի աշխատանքը և հետագայում դուրս կգա շահագործումից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ նոր ատոմակայանի շինարարության հետ կապված աշխատանքները սկսվել են 2009թ-ին, կատարած աշխատանքների համար հրավիրված են եղել երկու փորձագիտական առաքելություններ, որոնք մինչ օրս կատարած աշխատանքները գնահատել են դրական:
Սակայն, ըստ Ա.Մարտիրոսյանի, անցած տարի ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո ատոմակայան շահագործող երկրները, ինչպես նաև այն երկրները, որոնք պատրաստվում են կառուցել ատոմակայաններ, վերանայել են անտանգության մոտեցումները, մասնավորապես` ատոմակայանները ենթարկվել են սթրեսս-թեստերի:
Հայաստանը նույնպես ներկայումս գտնվում է անվտանգության նոր մոտեցումների ուսումնասիրության, ինչպես նաև դրանք հետագայում կիրառելու համար անհրաժեշտ նորմատիվ-տեխնիկական բազան վերանայելու գործընթացում:
Ա.Մարտիրոսյանը նշեց, որ նոր էներգաբլոկը կառուցվելու է ռուսական ռեակտորային տեղակայանքով. այդ տիպի ատոմակայանն առաջինն է լինելու տարածաշրջանում: Նրա խոսքերով՝ այդ ատոմակայանն իր անվտանգության և տեխնիկական չափանիշներով լավագույներից մեկն է համարվում աշխարհում:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Թուրքիայի այն հայտարարությունը՝ իբր ՄԱԳԱՏԵ-ն պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակը համապատասխանում է ՄԱԳԱՏԵ-ի կողմից ներկայացվող չափանիշներին:
Նրա խոսքերով՝ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ շարունակելու են աջակցել Հայաստանին՝ ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման համար: Նման հայտարարություն եղել է նաև ԱՄՆ-ի կողմից՝ դեսպանի մակարդակով. ԱՄՆ-ը նույնպես շարունակելու է աջակցել Հայաստանին՝ ատոմակայանի անվտանգությունը բարձրացնելու հարցում:
«Թուրքիան առաջին անգամ չէ այդպիսի հայտարարություն անում, դրանք տեխնիկական, իրակավական ոչ մի հիմք չեն պարունակում, և Թուրքիայի հայտարարությունը կրում է քաղաքական բնույթ»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան