Փորձագետ. Ժամանակն էր՝ բարեփոխել խորհրդային համակարգից ժառանգած նեխած զորակոչային համակարգը
Հասարակության շրջանում ժամանակ առ ժամանակ, ավելի ճիշտ` մինչ ու զորակոչերից հետո, ակտիվանում է «սև ցուցակներ» թեման: Այժմ էլ սոցցանցերում ու ֆեյսբուքյան էջերում քննարկվում է, թե` պաշտպանության նախարարության կողմից կազմվել է «սև ցուցակ», որում ներգրավված են այն անձինք, ովքեր այս կամ այն կերպ փորձել են «գումար տալու» ճանապարհով հայտնվել «լավ զորամասերում» կամ ուղղակի խուսափել զինծառայությունից: Նույնիսկ նշվում է այդ ցուցակում գտնվող անձանց թիվը՝ մոտ 70: Ըստ այդ տեղեկությունների՝ այդ մարդկանց տեղափոխել են ծայրամասային զորամասեր, ինչի արդյունքում վերջիններս հոգեբանական խնդիրների հետ են բախվում: Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ:
«Այն, որ զորակոչի հետ կապված մեծ աշխատանք է իրականացվում, միանշանակ է: Ժամանակն էր՝ բարեփոխելու խորհրդային համակարգից ժառանգած այդ ծանր ու նեխած զորակոչային համակարգը: Պատահական չէ, որ զորակոչի հետ կապված մի շարք պատասխանատուներ պաշտոնանկ արվեցին: Իսկ եթե կան քաղաքացիներ, ում ձեռնտու չէ արդարության սկզբունքով զորակոչի անցկացումը դա լրիվ այլ խնդիր է:
Անկեղծ ասած առաջին անգամ եմ լսում «սև ցուցակ» հասկացության մասին, իսկ եթե մարդիկ իրենց երեխաների համար «փափուկ» տեղ են կամենում ապահովել, հետո էլ չի ստացվում, դա չի նշանակում, որ իրենք արդարության մարտիկներ են, իսկ պետությունը խախտում է այդ անձանց իրավունքները»,- նշեց փորձագետը:
Նրա խոսքերով, վատ է, երբ շատ ծնողներ փորձում են իրենց առողջ զավակներին ծառայությանը ոչ պիտանի ներկայացնել ու նրանց զերծ պահել զինվորական ծառայությունից, իսկ հետո էլ բողոքում են նրանց հեռավոր զորամասեր տեղափոխելու համար:
Նույն թեմայի առնչությամբ ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը նշեց, որ հայրենիքին ծառայելու ցանկություն ունեցող զինվորների բարոյահոգեբանական վիճակը առհասարակ կապ չունի, թե նա տանից քանի կմ հեռավորության վրա են ծառայում:
«Այդ տեսանկյունից, սահմանամերձ շրջանում ծառայելը որպես հոգեբանական խնդիր առաջացնող պատճառ համարելն անհասկանալի է»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան