Մեղադրյալներ մատակարարելու երևույթները չենք հանդուրժելու. Աղվան Հովսեփյանը զգուշացրել է, որ նոր քրեական գործեր կհարուցվեն
Յուրաքանչյուր դատախազ պետք է հասկանա, որ ինքը Հայաստանում իրականացվող քրեական քաղաքականության առանցքն է: Այսօր գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կոլեգիայի նիստում քննարկվել են հետաքննության, նախաքննության, ինչպես նաև դատախազական հսկողության իրականացման ընթացքում թույլ տրված թերացումներն ու խախտումները, դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ դրսևորումները և հանձնարարվել է մշակել խախտումները վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ծրագիր:
Գլխավոր դատախազի խոսքով, դատախազների որոշումներն ու գործունեությունը պետք է լինի օրենքի շրջանակներում: «Դատախազը պետք է իր զբաղեցրած պաշտոնին համարժեք գործունեություն ծավալի, գիտակցի, որ նախաքննությամբ ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց դրվելու է մեղադրական եզրակացության հիմքում», -հավելել է Աղվան Հովսեփյանը:
Կոլեգիայի նիստին ներկա դատախազներին ու քննիչներին գլխավոր դատախազը հստակ հրահանգել է, որ նրանք հետամուտ լինեն, որպեսզի քրեական գործերով ապացույցները ձեռք բերվեն բացառապես օրենքի շրջանակներում:
Կոլեգիայի նիստում հատուկ անդրադարձ է կատարվել թերի քննություն իրականացնող դատախազների, քննիչների գործունեությանը: Դատախազը ներկաներին զգուշացրել է, որ քննության նյութերը կամ հանցագործության դեպքը խեղաթյուրելու համար յուրաքանչյուր հետաքննիչի, քննիչի կամ հսկողություն իրականացնող դատախազի նկատմամբ հարուցվելու են քրեական գործեր:
Բացի այդ, կոլեգիայի նիստում զեկուցողները ներկայացնելով առանձին գործեր, նշել են, որ եղել են դեպքեր, երբ որևէ քրեական գործի շրջանակներում մեղադրյալ է ներմուծվել, կամ ինչպես բառացի է նշվել, եղել է «մատակարարված մեղադրյալ»: «Նման երևույթները չենք հանդուրժելու», -զգուշացրել է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: