Ի՞նչ «վիրահատություններ» կլինեն այսօր դատախազության համակարգում
Այսօր տեղի է ունենալու Հայաստանի դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստ, որի ընթացքում կքննարկվեն հետաքննության, նախաքննության, ինչպես նաև դատախազական հսկողության իրականացման ընթացքում թույլ տրված թերացումներն ու խախտումները, դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ դրսևորումները և կմշակվեն խախտումները վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ծրագիր:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը նաև չէր բացառել, որ կլինեն պաշտոնանկություններ, ինչպես նաև կադրային փոփոխություններ:
«Բացառված չեն ազատումներն ու կադրային փոխատեղումները, սակայն, կարծում ենք, նախաքննության որակը, արդյունավետությունը բարձրացնելու համար միայն այդօրինակ քայլերը բավարար չեն կարող լինել, անհրաժեշտ է համակարգային մոտեցում ցուցաբերել: Եվ ՀՀ գլխավոր դատախազն արդեն իսկ հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին, Երևան քաղաքի դատախազին՝ ըստ համակարգման ոլորտների ներկայացնել միջոցառումների ծրագրի առաջարկություններ՝ խախտումները վերացնելու ուղղությամբ, որոնք նույնպես կքննարկվեն կոլեգիայի նիստում: Արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի», -ասել էր մամլո խոսնակը:
Վերջերս իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խստորեն քննադատել էր դատախազության համակարգում տիրող վիճակը և որոշ դատախազների անօրինական գործողությունները:
«Դատախազի կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում, դատախազը մնում է անպատիժ: Այսինքն, դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, և հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են և ուրիշին են ուզում դատապարտել», -մասնավորապես, ասել էր նախագահ Սարգսյանը:
Իսկ երեկ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ հանրապետության նախագահը «պահանջում է վճռական գործողություններ, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք լինեն շոշափելի և տեսանելի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում