Հնարավոր է վերականգնվի վրաց-ռուսական երկաթուղին( լրացված)
Վրաստանի նոր կառավարությունը ցանկություն է հայտնել վերականգնել Ռուսաստանի Դաշնության հետ երկաթուղային կապը: Այս մասին «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրուցում հայտարարել է Վրաստանի վերամիավորման հարցերով նորանշանակ նախարար Պաատա Զակաեաշվիլին:
«Մենք պետք է խթանենք Աբխազիայի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ: Խոսքը գնում է ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային», - ասել է նախարարն ու հավելել, թե այդ առնչությամբ որոշակի խորհրդակցություններ են անցկացվել, սակայն պաշտոնական մակարդակով հարցը դեռևս չի քննարկվել:
Զակաեաշվիլիի համոզմամբ, երկաթուղային կապի վերականգնումը կբարձրացնի Վրաստանի տրանսպոտային ու աշխարհաքաղաքական նշանակությունը, միևնույն ժամանակ խթանելով վրացի փախստականների վերադարձը Աբխազիա:
Վրաստանի և Ռուսաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը ընդհատվել էր 1990-ական թվականներին, երբ պայթեցվել էր Ինգուրի գետը հատող երկաթուղային կամուրջը: 2004 թ-ին մասնակի վերականգնումից հետո գործարկվել էր միայն Աբխազիան Ռուսաստանին կապող հատվածը:
Վրաստանի նախորդ կառավարությունը աննպատակահարմար էր համարում երկաթուղային կապի վերականգնումը, մատմանշելով 2008 թ-ի ռուս-վրացական պատերազմի գործոնն ու երկու պետությունների միջև հարաբերությունների վատթարացումը:
2012 թ-ին Վրաստանի նախկին ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել էր, թե երկաթուղային կապի գործարկումը ձեռնտու է առաջին հերթին Ռուսաստանին և Հայաստանին, այլ ոչ Վրաստանին: Նախարարի համոզմամբ, կապը կծառայեր Ռուսաստանին Գյումրիում գտնվող իր ռազմաբազան զինելու համար: