Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: ԱԳՆ հրապարակած տեղեկություններով, մահացածը 1980 թ. ծնված Ջորջ Կաբանջյանն է:
Հիշեցնենք, օրեր առաջ Հալեպի մոտակայքում 7 հայ էին առևանգել: Հինգի անունը հայտնի էր դարձել մեկ օր անց` Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լևոն Զեյթունյան, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներ (հին հայեր են):
Նշենք, որ Սիրիայում տիրող իրավիճակի հետևանքով զոհվել է ավելի քան 3 տասնյակ հայ: Մոտ մեկ ամիս առաջ Սփյուռքի նախարարի ներկայացրած տվյալներով, Սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է 32 հայ, որոնցից 7-ը զինվոր:
Զոհվածներից 5-ը կին է, 26-ը տղամարդ, մեկն էլ երեխա: Հինգ հայ զոհվել է Դամասկոսում, 19-ը Հալեպում, 1-ը դեր Զորում, 1-ը Կամիշլիում, 2-ը Մուսում: