Էկոլոգիական հասարակական դաշինք. Ապարանի Մելիք գյուղում էկոլոգիական աղետ է
Էկոլոգիական հասարակական դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ` ահազանգելով, որ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի էկոլոգիական աղետի մասին:
«ՀՀ բնապահպանության նախարարության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Արագածոտնի մարզի Մելիք գյուղին հարակից տարածքում` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժային գոտում, «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է կառուցել մոտ 7 հեկտար տարածք ընդգրկող նոր պոչամբար:
Հիշեցնենք, որ հիշատակված ընկերությունը հանդիսանում է Հայաստանի բնական պաշարների նկատմամբ անսահմանափակ ախորժակ ունեցող «Գլոբալ Գոլդ» ընկերության դուստր ընկերություն, որը 2006 թվականից ի վեր շահագործում է Ապարանի Մելիք գյուղին անմիջապես հարակից «Թուխմանուկի» ոսկու հանքավայրը:
Հարկ ենք համարում նշել, որ հանքահարստացումն իրականացվում է հենց տեղում` Մելիք գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որի անմիջական հարեւանությամբ գտնվում է նաեւ անմխիթար վիճակում գտնվող պոչամբարը: Պոչամբարը բազմիցս վթարի է ենթարկվել և փլուզվել` վնասելով գյուղի խմելու ջրի խողովակաշարը, խառնվելով խմելու և ոռոգելի ջրերին: Ջրագիծն այժմ էլ գտնվում է վթարային վիճակում:
Վթարային վիճակում գտնվող պոչամբարի փոշին անընդհատ լցվում է համայնքի մշակովի հողերի վրա` ծանր մետաղներով թունավորելով բերքը: Համայնքի ջրերի աղտոտման հետևանքով հողերը ոռոգվում են ոչ պիտանի ջրով: այս ամենի հետևանքով բազմապատիկ անգամ նվազեցնելով հողի բերքատվությունը: Համայնքի գյուղատնտեսությանը պատճառվել է մեծ ծավալի վնաս, որը չի ուսումնասիրվել և չի գնահատվել:
Համայնքի բնակիչների վկայությամբ` հանքավայրի շահագործման և պոչամբարի վթարների հետևանքով համայնքի բնակիչները կրում են բարոյական և նյութական հսկայածավալ վնասներ: Գյուղում կտրուկ վատթարացել է մարդկանց առողջական վիճակը, բազմապատկվել են քաղցկեղային հիվանդությունները, մանկածնությունը գտնվում է գրեթե զրոյական մակարդակում:
Մելիք գյուղի բնակիչները բազմիցս բողոքել են հանքավայրի շահագործման ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների, համայնքին պատճառած վնասների դեմ` ընդհուպ մինչև փակելով «Մեգո Գոլդ» ընկերության տեխնիկան տեղափոխող մեքենաների ճանապարհը: Սակայն պետական պատասխանատու մարմինները բացարձակ անուշադրության են մատնել գյուղացիների բողոքները: Չնայած համայնքում էկոլոգիական և առողջապահական աղետալի վիճակին` ոչ բնապահպանության տեսչությունը, և ոչ էլ առողջապահության նախարարության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը իրենց պարտականությունների մեջ մտնող որևէ ուսումնասիրություն չեն իրականացրել:
Այսպիսի պայմաններում մենք անընդունելի ենք համարում Մելիք գյուղի հատվածում նոր պոչամբարի կառուցումը, քանի դեռ`
1. չեն ուսումնասիրվել «Մեգո Գոլդ» ընկերության կողմից Թուխմանուկի» ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում օրենքի (լիցենզային պայմանագրի) խախտման փաստերը,
2. չի ուսումնասիրվել համայնքի բնակչության առողջական վիճակը և գնահատվել հանքավայրի շահագործման հետևանքները համայնքի բնակչության առողջական վիճակի վրա,
3. չեն ուսումնասիրվել և գնահատվել համայնքին պատճառված տնտեսական վնասները:
Հետևապես, մինչև պոչամբարի կառուցման վերաբերյալ որևէ գործընթաց սկսելը, անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (կազմված բնապահպանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարություններից և այլ գերատեսչություններից, հասարակական հատվածի շահագրգիռ անդամներից), որը կուսումնասիրի վերը նշված հիմնախնդիրները և կտա հիմնավորված գնահատականներ համայնքի վրա հանքավայրի սոցիալ-տնտեսական ազդեցության վերաբերյալ»,-ասված է դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի տարածած հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են