«Երևանյան հեռանկարներ»-ը զարմացնում է շատերին… Ինչպես է հաջողվում Հայաստանին հրավիրել մշակույթի ոլորտի ամենահեղինակավորներին
Շուտով կավարտվի «Երևանյան հեռանկարներ» 13-րդ փառատոնը, փառատոն, որը 13 տարիների ընթացքում հնարավորություն է ընձեռել հայաստանցիներին հենց հայկական բեմից ունկնդրել այնպիսի արվեստագետների, ինչպիսիք են Պլասիդո Դոմինգոն, Վալերի Գերգիևը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Եվգենի Կիսինը, Հայաստան են եկել այնպիսի նվագախմբեր, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի նվագախումբը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Գուլբենկյան նվագախումբը Վիեննայի տղաների երգչախումբը և այլն: Այս շարքը կարելի է հարստացնել ևս տասնյակ անուններով, անուններ, որոնք համաշխարհային մշակութային կյանքի անբաժանելի մասնիկն են: Փառատոնի 13-րդ համերգաշարի, առաջիկա համերգի ու ընդհանրապես առաջիկա պլանների մասին Panorama.am-ը զրուցել է փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի հետ:
-Ավարտին է մոտենում 13-րդ համերգաշարը: Ինչպե՞ս կբնորոշեք այն:
-«Երևանյան հեռանկարներ» փառատոնի 13-րդ համերգաշարը խայտաբղետ էր. սկսվեց ապրիլին Տոկիո լարային քառյակով, այնուհետև ապրիլին հյուրընկալեցինք Լոս Անջելեսի Դիլիջան համերգաշարը: Տեղի ունեցավ աշխարհահռչակ երաժիշտ Եվգենի Կիսինի անմոռանալի մենահամերգը, որը բազմաթիվ առումներով ռեկորդ սահմանեց: Տարին եզրափակում ենք Royal Concertgebouw Orchestra-ով (Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբ) Նիդերլանդներից` լեգենդար դիրիժոր Լորին Մաազելի գլխավարությամբ:
-Ինչպե՞ս ձեռք բերվեց պայմանավորվածությունը նվագախմբի հետ: Ֆինանսական խնդիրներն ինչպե՞ս լուծվեցին, քանի որ հասկանալի է, որ բավականին դժվար է 120 հոգանոց նվագախումբ հրավիրել:
-Դա, իսկապես, ծանր ծրագիր է, մի անբողջ փառատոնի չափ ծանրաբեռնվածություն է: 120 հոգուց ավելի մարդ է գալիս, որոնք իրենց որակով լավագույնն են աշխարհում: Պատասխանատվությունը, որ պետք է առաջին անգամ Հայաստանում ելույթ ունենա այդ նվագախումբը՝ դիրիժոր Լորին Մաազելի գլխավորությամբ, մեծ է: Երկար են մտածել, միչև որոշել են Հայաստան գալ: Մենք նվագախմբին դիմել էինք մի քանի տարի առաջ, բայց չէինք սպասում, որ կընդունեն մեր հրավերը: Նվագախմբի 125-ամյակի հետ կապված շատ առաջարկություններ ունեն, շրջագայության մեծ ընտրության առաջ էին կանգնած: Մեծ նվաճում է, որ համաձայնվեցին գալ Հայաստան ու իրենց հետ բերել նաև լեգենդար դիրիժորին: Նրանց որոշումը նաև կապված է փառատոնի հեղինակության հետ:
Իրադարձությունը մի քանի առումներով բացառիկ է, մեծ տոն է մեզ սպասվում, քանի որ առաջին անգամ, իսկապես աշխարհի ամենահեղինակավոր նվագախումբն է ելույթ ունենալու Հայաստանում: Նվախագումը հիմնել է 1888 թվականին: Ստեղծման 100-ամյակի կապակցությամբ նվագախումբը Նիդերլանդերի Բեատրիքս թագուհու կողմից պաշտոնապես ընդունել է «Թագավորական» անվանումը: Ելույթ են ունենում աշխարհի ամենաբարձրարժեք դիրիժորների հետ, օրինակ Լորին Մաազելը: Մենք այս դիրիժորին չէինք կարող, այսինքն անհնար էր հրավիրել Հայաստան, բայց նոյեմբերի 8, 9, 10-ին նվագախմբի հրավիրված դիրիժորը հենց նա է: Նվագախումբն առաջարկեց նաև հենց այդ օրը՝ նոյեմբերի 9-ը: Իսկ այս ամենը մեզ հնարավոր դարձավ մեր աջակիցների շնորհիվ՝ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարան, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամ: Համերգի հովանավորն է և նվագախմբի պաշտոնական ավիափոխադրողը «Արմավիա» ընկերությունը։ Փառատոնն անց է կացվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ի դեպ, նշեմ, որ մենք չէինք կարող այս համերգը կազմակերպել, եթե «Արմավիա» ընկերություն զեղչեր չաներ, քանի որ մենք վարձակալել ենք մեկ մարդատար և մեկ բեռնատար ինքնաթիռ՝ գործիքները տեղափոխելու համար:
Առաջին դեպքն է, որ հատուկ պատվիրակություններ են գալու Հայաստան՝ համերգին մասնակցելու համար: Առաջին անգամ Հայաստան է գալու Եվրամիության փառատոնային ասոցիացիայի նախագահ Դարկո Բրլեկը, (փառատոնը 2007-ից այդ ասոցիացիայի անդամ է), բրիտանական հեղինակավոր Հարիսոն Փարրոթ արվեստի մենեջմենթի ընկերության հիմնադիր և ղեկավար Ջասպեր Փարրոթը, Վրաստանի առաջին տիկինը՝ Սանդրա Ռուլովսը 12- հոգանոց իր պատվիրակությամբ, լինելու են նաև դեսպաններ:
-Ո՞րն եք համարում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հաջողության գրավականը:
-Կարծում եմ հաջողություն ապահովեց որդեգրած սկզբունքին հավատարիմ մնալը. փառատոնի հիմնադիր նախագահը և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, Արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը հենց սկզբից որդեգրեց` երբեք կոմպրոմիսի չգնալ որակի առումով: Իհարկե, դժվար էր այդ պլանկան պահելը, բայց երբեք չենք խախտել, չենք խաբել, հիասթափեցրել մեր հանդիսատեսին, որակի առումով չենք զիջել: 2008-ից հետո երկրի նախագահի հովանավորությունը ստացանք՝ պետական բյուջեից գումար է հատկացվում: Իրականում դա փառատոնի համար ստաբիլություն է ապահովում, բայց քիչ է: Մեր կոլեգա փառատոները մոտավորապես տասը անգամ մեծ բյուջեով են անում նույնը, ինչ մենք այստեղ: Դա էլ երևի հայերի գործունեության գաղտնիքն է: Ընդհանրապես, Հայաստանում դժվար է փառատոն կազմակերպելը:
-Ինչո՞ւ:
-Նկատի ունեմ ֆինանսական, տնտեսական խնդիրները: Սակայն ասեմ, որ եվրոպական երկրներում էլ հեշտ չէ: Մեզ հայտնի է դարձել, որ դժվար տարի է եղել բոլորի համար: Բայց մենք կարողանում ենք մեր ռեսուրսները խնայողաբար օգտագործելով բերել լավագույններին, ամենահեղինակավորներին: Շատերը զարմանում են նույնիսկ, թե ինչպես է դա հաջողվում մեզ նման փոքր, ոչ այնքան հարուստ Հայաստանին:
-Փառատոնն ի՞նչ անակնկալներ է մատուցելու հաջորդ տարի հայ հանդիսականին:
-Այս պահին դեռ բանակցություններ ենք վարում: «Երևանյան հեռանկարներ» 14-րդ փառատոնը մի քիչ շուտ կսկսվի, արդեն հունվարի համար ունենք հստակ պայմանավորվածություն, ելույթ են ունենալու Մյունխենի կամերային նվագախումբը և RIAS կամերային երգչախումը, հայկական պրեմիերա է լինելու՝ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն են կատարելու: Հենց նվագախմբի պատվերով է Տիգրան Մանսուրյանը գրել այդ ստեղծագործությունը: Գարնանը ելույթ կունենա Վիենայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Աշնան համար էլ ունենք համերգներ: Երևի հունվարին արդեն կհրապարակենք ամբողջ ցուցակը, թե ովքեր են ելույթ ունենալու 14-րդ փառատոնի շրջանակներում:
Նախորդող նորություն՝ Աշխարհի «թիվ մեկ» նվագախումը ելույթ է ունենալու Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին