Ովքե՞ր են սոցիալական աշխատողները… Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի օրն է
«Սոցիալական աշխատողն այն մարդ է, ով պետք է օգնի հասարակության տարբեր, դժվարին իրավիճակում հայտնված շահառուներին, մոբիլիզացնել ուժերը և լուծել խնդիրներ` ուղղորդման միջոցներով»,- ասուլիսում այս մասին ասաց «Հայաստանի Մանուկներ հիմնադրամի» Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի ղեկավար Գայանե Ասատրյանը:
Նրա բնորոշմամբ, սոցիալական աշխատողը մի մարդ է, ով պետք է գնա շահառուների ընտանիքներ, այցելությունների ժամանակ գնահատումներ անի, վերահսկի:
Նշենք, որ 2009 թվականից Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:
Գ. Ասատրյանն ասաց, որ սոցիալական աշխատողի մասնագիտությունն ամենապահանջվածն է այսօր. «Սոցիալական աշխատողը մի մարդ է, ով կարող է խնդրի մեջ գտնվող մարդու կողքին կանգնել, մարդուն ուղղորդել` ինչպես լուծել խնդիրները, որ օղակներին դիմել, որ ավելի արդյունավետ լուծում ստանա»,- նշեց նա:
Սոցիալական աշխատանքի մասնագետ Միրա Անտոնյանն էլ ասաց, որ սոցիալական մասնագետն օգնում է մարդկանց լուծել այն խնդիրները, որոնք չեն կարող ինքնուրույն լուծել: Ըստ նրա, սոցիալական աշխատողին դիմում են տարբեր խնդիրներով, իսկ խնդիրները բազմազան են, անհարժեշտության դեպքում աշխատում են ոստիկանության հետ, դիմում են մարզպետարանի տարբեր բաժիններ:
Նա ընդգծեց, որ սոցիալական աշխատողը գումար չի բաժանում, այլ իրական սոցիալական աշխատողի մոտ խնդիր ունեցող մարդը պետք է նստի, բացատրի խնդիրները, միասին հասկանան որտեղից են գալիս այդ խնդիրները ու միասին ելքեր փնտրել: Մ. Անտոնյանն ասաց, որ պետությունը կամաց-կամաց նկատում է սոցիալական աշխատողի անհրաժետությունը, ձգտում է ռեֆորմներ իրականացնել, որպեսզի սոցիալական աշխատողը զբաղվի իրական իր գործով:
«Կրթական համակարգը կայացած է, այժմ փորձ ենք անում պրակտիկայում էլ կայացնել»,- ընդգծեց նա, ապա շարունակեց. «Մինչև չունենանք իրական սոցիալական աշխատանք, մեր երկրի սոցիալական վիճակը չի բարելավվի, աղքատությունը չի վերանա»: