ԲՀԿ-ի չկողմնորոշված վիճակը խոչընդոտում է քաղաքական դաշտի առողջացմանը
Անդրադառնալով նախագահական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ի չափից դուրս ձգձգված լռությանը` «Голос Армении»-ն գրում է, որ ընդդիմադիր և իշխանական դաշտերի արանքում ԲՀԿ-ի մանևրներն ընդհանրապես չեն նպաստում քաղաքական դաշտի առողջացմանը: «Ինչպե՞ս կարելի է բնութագրել մի կուսակցության, որը հավասարապես կարող է հայտնվել և ընդդիմության և իշխանության ճամբարում: Նման կուսակցության մասին կարելի է ասել միայն այն, որ վերջինս զուրկ է որևէ քաղաքական և գաղափարական սկզբունքներից, այս կուսակցությունը շարժվում է ոչ թե քաղաքական շահերով, այլ` Գագիկ Ծառուկյանի բիզնես-շահերին համահունչ»,-գրում է թերթը: «Ի՞նչ կարելի է ասել այն ընդդիմության մասին, որն իր ծառայություններն է առաջարկում վերոնշյալ կուսակցությանը` իր առաջարկությունը մոտիվացնելով Ծառուկյանի անձնական բիզնեսի մասին մտահոգությամբ»,-գրում է «ГА»-ն` շարունակելով. «Ինչպե՞ս կարելի է անվանել այն ընդդիմությանը, որն աչք է փակում այն փաստի վրա, որ ԲՀԿ-ն երկար ժամանակ իշխանական կոալիցիայի մի մաս է եղել և կիսում է երկրում տիրող ճգնաժամի համար ողջ պատասխանատվությունը…»: