Տնտեսական ճգնաժամը՝ խառնամուսնությունների պատճառ
Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով խառնամուսնություններից, մասնավորապես, թե ինչու են որոշ հայ աղջիկներ ամուսնանում այլազգիների հետ, նշեց, որ տնտեսական ճգնաժամը նույնպես իր դերակատարությունն ունեցավ այս գործում:
Հոգեբանի խոսքերով՝ երբ վրա հասավ տնտեսական ճգնաժամը և տղամարդիկ զանգվածաբար դարձան գործազուրկներ, դա շատ լուրջ հարված հասցրեց թե տղամարդկանց, թե կանանց: «Տղամարդկանց գործազրկության արդյունքում շատ կանայք իրենց վրա վերցրեցին ընտանիքի նյութական ապահովման բեռը, ընտանիքը նյութապես փրկվեց, բայց կինն իրեն թիկունքից զրկված զգաց»,- նշեց Կ.Նալչաջյանը:
Դրա հետևանքով, բացի խառն ամուսնություններից, կայացած ընտանիքները ևս զերծ չմնացին լուրջ խնդիրներից: Տղամարդը բարդույթավորվեց և ամենուր ու ամեն ձև հակառակորդներ սկսեց որոնել` անգամ հացաման ստուգելով:
Կարինե Նալչաջյանը որպես հոգեբան բախվել է տղամարդկանց խանդի զառանցանքի սարսափելի դեպքերի հետ, երբ ուժեղ խանդը մեծ բեռ է դարձել ամուսնական կյանքում: Օրինակ, եթե կինը 5 րոպե ուշանում է աշխատանքից, խոսում է հեռախոսով, դա կարող է խանդի և անվերջ հարցաքննումների պատճառ դառնալ:
«Ինձ մոտ մի վաթսուն անց տղամարդ էր եկել կնոջ հետ: Նա կնոջը ծեծել էր, դեմքը պատված էր կապտուկներով, իսկ ծեծի պատճառն այն էր, որ կինն իրեն «դավաճանում է»: Նրանք ապրում էին յոթերերոդ հարկում և ամուսինը ամեն անգամ տանից դուրս գալուց առաջ տան դուռը փակում էր կնոջ վրա ու իջնում բակ: Վերադառնալուց հետո սկսում էր որոնումները տան անկյուններում: Նրան թվում էր, թե տանը տղամարդ է եղել: Եվ դա ապացուցում էր` անգամ հացամանը ստուգելով: Ստուգելուց հետո ասում էր, թե սա մի հոգու կերած հաց չի և սկսել է ծեծել»,- ասաց հոգեբանը: