Հ. Մելիք-Շահնազարյան. Բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքներն այլևս չկան
«Ուզում եմ անդրադառնալ երեք կարևոր գործոնների որոնք նախորդել էին հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպմանը:
Առաջինը` Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու հերոսացումն էր: Այս առումով կարևոր էր այն, որ նախագահը շեշտեց, որ տարածաշրջանում անվտանգությունը պահպանվում է բացառապես հայկական ռազմական ուժի և զինվորական պոտենցիալի շնորհիվ: Այսինքն`ՄԽ միջնորդ երկրների ջանքերն այս պարագայում երկրորդ պլան մղվեցին:
Երկրորդ կարևոր գործոնը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Արցախի ճանաչումն էր: Սա նշանակում է, որ Արցախի ճանաչումն ի հայտ եկավ որպես քաղաքական գործոն:
Եվ երրորդ գործոնը՝ Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի անկախության ճանաչումն էր` այդպիսով Ադրբեջանը նաև ինչ-որ չափով ընդունեց ազգերի ինքնորոշման իրավունքը»,- այսօր անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև բանակցային գործընթացներին, նշեց, որ ՄԽ համանախագահող կողմերը նոր առաջարկների վրա են աշխատում, ապա հավելեց. «Այսօր պետք է փաստենք, որ Մադրիդյան սկզբունքների մասին այլևս ոչ ոք ոչինչ չի խոսում` ոչ համանախագահող կողմերը, ոչ հակամարտող կողմերը, ինչը թույլ է տալիս մեզ եզրակացնելու, որ այդ փաստաթուղթը որպես այդպիսին, այլևս բանակցային սեղանին դրված չէ»:
Քաղաքագետի կարծիքով` Թուրքիան ցանկանում է ներգրավվել Մինսկի խմբի կազմի մեջ որպեսզի հնարավորություն ունենա մեծացնել իր ազդեցությունը Անդրկովկասում տեղի ունեցող քաղաքական զարգացումների վրա, բայց հասկանում է, որ բանակցությունների այս ձևաչափի պահպանման պարագայում ինքը չի կարող հասնել այդ նպատակին:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե` որքանով է հնարավոր, որ այս փուլում Արցախը դառնա բանակցային լիարժեք կողմ, Հ. Մելիք Շահնազարյանն ասաց. «Վերջին հաշվով Արցախը պետք է դառնա բանակցային կողմ: Սա իրականում բանակցային գործընթաց չէ, սա քաղաքական կոնսուլտացիաներ են, այն լեզվի որոշումն է, որը պետք է լինի իրական բանակցային գործընթացի հիմքում և եթե այդ սկզբունքների մեջ չլինի նաև Արցախի մասնակցությունը, ապա ցանկացած բանակցություն անիմաստ է»:
Բանախոսը նաև հավելեց, որ մենք այսօր հինալի հնարավորություն ունենք Արցախի հարցը տեղավորել թե´ Արևմուտքի, թե´ Ռուսաստանի շահերի համատեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան