«The Washington Post». Ինչպե՞ս են թմրանյութերը Եվրոպա հասնում Ադրբեջանի տարածքով
Չնայած այն հանգամանքին, որ Արևմտյան պատժամիջոցները վնաս են հասցրել Իրանի տնտեսությանը, որոշ իրանցիներ «կաղամբի բերք» հավաքելու անվան տակ թմրանյութերի ապօրինի գործարք են կատարում, այդ թվում և ուժեղ ազդեցությամբ սինթետիկ թմրանյութեր: Այս մասին գրում է «The Washington Post» պարբերականը:
«Այս ամենը խիստ մտահոգում է Եվրոպայի և Հարավային Ասիայի ոստիկանությանն ու հատուկ ծառայություններին, քանի որ այս տարածաշրջան է գնում իրանական ծագում ունեցող բարձրորակ մեթամֆեթամին:
Թմրանյութերի հետ կապված հանցագործություններն արդեն տարածվել են նաև կովկասյան տարածաշրջանում: Այս պետությունների պաշտոնյաները հայտարարում են, որ մաքսանենգները ոստիկանության և սահմանային պարեկների հետ բախման մեջ են մտնում, շատ հաճախ էլ օգտագործում են Աֆղանստանից և Իրանից ներկրված ծանր զենքեր: Ադրբեջանի սահմանային պարեկները բառացիորեն մուկ ու կատու են խաղում մաքսանենգների հետ, որոնք իրենց գործունեությունը ծավալելու համար օգտագործում են արագաշարժ նավակներ:
Իրանն ընդունել է, որ երկիրը լուրջ թմրանյութերի հարցի առջև է կանգնել: Սակայն Իրանը տարածաշրջանում միակ երկիրը չէ, որ զբաղվում է թմրանյութերի վաճառքով: Թմրանյութերից եկող մեծ շահույթը նաև գրավել է Ռուսաստանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի պետությունների հանցավոր խմբերի ուշադրությունը»,-գրում է պարբերականը:
«Ըստ տարածաշրջանային փորձագետների, Իրանի միջոցով թմրանյութերի որոշ տեսակներ հասնում են Կովկաս, որտեղ որոշ երկրների կառավարությունների թույլ, ինչպես նաև սահմանների թափանցիկ լինելու պատճառով, դյուրի ուղին է բացվում դեպի Արևմտյան Եվրոպայի թմրանյութերի շուկա:
Ադրբեջանի սահմանային ծառայության պետի տեղակալ Ֆարհադ Թագիզադեն կարծում է, որ թմրանյութերի խնդիրն ամենաիրական մարտահրավերն է ադրբեջանական անվտանգության ուժերին:
Իրանի ցամաքային սահմանի երկայնքով պարեկության իրականցումը շատ հաճախ վտանգավոր է, քանի որ հանցավոր խմբերը լավ զինված են: Վերջին ժամանակներս, առնվազն յոթ սահմանապահներ սպանվել են մաքսանենգների հետ պայքարում», -գրում է «The Washington Post»-ը:
«Դեպքեր են եղել, երբ պայթուցիկներով ծանրաբեռնված մեքենաները փորձել են ճեղքել պատնեշը: Նրանք զինված են եղել և այնպիսի սարքավորումներ են ունեցել, որոնք օգտագործում են ամերիկացիները: Պարզ է, որ այդ սարքավորումները նրանք գողացել են Իրաքում և Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերից»,- այս մասին պարբերականին նշել է ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:
«Ադրբեջանը նաև բողոքում է Իրանից, ինչպես և Արևմուտքը, այն բանի համար, որ Իրանի իսլամական հանրապետությունը շոու է ներկայացնում` թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվող մարդկանց պատժելու հարցում և շատ քիչ բան է անում թմրանյութերի հոսքը դադարեցնելու ուղղությամբ:
Սակայն ԱՄՆ-ն հայտարարում է, որ Իրանը ընդարձակում է իր կապերը և նոր շուկա բացում թմրանյութերի շրջանառության համար: Ավելին, ԱՄՆ-ն վախենում է Իրանում բացված բարձրորակ մեթամֆեթամին արտադրության լաբորատորիայից: Իրականում այս թմրանյութերի պահանջարկը Ւրանում շատ ավելի քիչ է, և դա է պատճառը, որ այն արտահանվում է արտասահման, հիմնականում Հարավային Ասիա և Արևմուտք: Այս երկրները լուրջ մտավախություն ունեն, որովհետև Իրանը ԱՄՆ-ում թմրանյութերի առաքման լծակ ունի»,- նշված է հոդվածում: