«ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ»
ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ հիմնական նպատակի`իշխանափոխության հասնելու համար: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես գալիք նախագահական ընտրությունների հետ կապված հնարավոր քաղաքական վերադասավորումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
«Ես որևէ անհատի անուն չեմ տալիս, բոլորի հետ է հնարավոր համագործակցությունը: Իսկապես բոլոր քաղաքական ուժերի կոսնսոլիդացիան անհրաժեշտ է: Ես կարծում եմ, որ առաջիկա քաղաքական զարգացումները ոչ թե կուսակցությունների ցանկություններից են կախված լինելու, այլ խնդրի դրվածքից՝ թե ինչ են ուզում ՀՀ հասարակությունը և կուսակցությունները: Հայաստանը գտնվում է տագնապային վիճակում: Արտագաղթի այն թվերը, որոնք դուք իմանում եք, կազմում են ՀՀ սահմանները հատող մարդկանց 43%-ը: Հայաստանի սահմանը հատում են ցամաքային ճանապարհով ավելի շատ, քան ինքնաթիռով: Կարծում եմ՝ ՀՀ քաղաքական ուժերը պետք մի կողմ դնեն ամբիցիաները, սեփական ցանկությունները և փորձեն լեզու գտնել, փորձեն աշխատել մեկ դաշտում, որպեսզի մեղմացվի այս լուրջ մարտահրավերը: Եթե քաղաքական ուժերը և քաղաքական արշավն այս ուղով չգնա կոնսոլիդացնող գաղափարներով, հեռանկարները կլինեն ավելի վատ: Բոլոր մտահոգ քաղաքական ուժերը պետք է սա հասկանան և ընդհանուր հայտարարի գան: Բոլորի հետ ՀԱԿ-ը պատրաստ է աշխատելու»,- նշեց Արամ Մանուկյանը, հստակեցնելով որ Կոնգրեսը պատրաստ է համագործակցել, թե, ԲՀԿ-ի, թե «Ժառանգության», թե ՀՅԴ-ի և նույնիսկ ՀՀԿ որոշ գործիչների հետ:
Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին, Ա. Մանուկյանը նշեց, որ ՀԱԿ-ը դեռևս վերջնական որոշում չի կայացրել և չի բացառում բոլոր հնարավոր տարբերակները: «Մենք ունենք հզոր թեկնածու (Լևոն Տեր-Պետրոսյան), որը նշված մարտահրավերների դեմ կարող է առնել: Մենք ուզում ենք, որ նա լինի նախագահ և ամեն ինչ անում ենք, որ առաջադրվի: Նրա հնարավորությունները բարձր եմ գնահատում: Դա չլինելու դեպքում հարցը կարելի է քննարկել թե՛ ՀԱԿ-ի ներսում, թե՛ դրսում»,- նշեց Արամ Մանուկյանը` չբացառելով, որ դեպքերի որոշակի զարգացման դեպքում ՀԱԿ-ը կարող է սատարել նաև ԲՀԿ-ի թեկնածուին`անկախ նրանից, թե ով կներկայացնի ԲՀԿ-ն գալիք նախագահական ընտրություններում:
Panorama.am-ի այն հարցին, թե ինչպես է Կոնգրեսը պատկերացնում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, այն դեպքում, երբ ՀԱԿ-ը տարիներ շարունակ իշխանություններին, այդ, թվում նաև ԲՀԿ-ին, մեղադրում է Մարտիմեկյան իրադարձությունների մեջ, Արամ Մանուկյանը նշեց. «Ես գնահատում են ԲՀԿ-ի` կոալիցայից դուրս գալու և Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու ինքնուրույն որոշումները: Նույն կերպ Կոնգրեսին կարելի է մեղադրել նաև այն ժամանակ կոալիցիայի կազմում գտնվող ՀՅԴ-ի կամ նույնիսկ ՀՀԿ որոշ ներկայացուցիչների հետ համագործակցության պատրաստակամության մեջ: Եթե ԲՀԿ-ն այսօր ունի որոշակի ձայներ և հայտարարում է ընդդիմադիր կամ հակաիշխանական կոալիցիայում ընգրկվելու մասին, ես դա ողջունում եմ»,- նշեց Արամ Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները